Monday, March 8, 2010

ԸՍՏ ՀՐԱՆՈՒՇԻ, ՂԱՐԱԲԱՂԸ ՍՓՅՈՒՌՔ Է

«Լրագիր» 8-3-2010- Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Սփյուռքի նախարարությունն իր պաշտոնական կայքէջում կբացի Լեռնային Ղարաբաղին վերաբերող առանձին էջ: Հակոբյանը հույս է հայտնել, որ դա կօգնի մեծացնել Արցախի հանդեպ հետաքրքրությունը: Կարելի է ողջունել Սփյուռքի նախարարության այդ նախաձեռնությունը, բայց մինչ այդ թերեւս արժե մտածել, թե ինչով է մինչ այս զբաղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունը: Չէ որ Լեռնային Ղարաբաղն արդեն մոտ երեք տասնամյակ է, ինչ անկախ պետություն է, զարգացնում է պետական ինստիտուտներ: Ինչու մինչեւ հիմա չկան Լեռնային Ղարաբաղի մասին բավարար չափով եւ թվով տարբեր տեղեկատվական կայքեր, որ Արցախի հանդեպ հետաքրքրություն բարձրացնելու համար պետք է առանձին էջ բացվի Հայաստանի Սփյուռքի նախարարության կայքում: Ինչով են տարիներ շարունակ զբաղվել Արցախի ղեկավարները, եթե մինչեւ հիմա Ղարաբաղը պատշաճ ձեւով եւ բովանդակությամբ ներկայացված չէ համացանցում: Թերեւս պետք է այսօր հակառակը լիներ, ու հայկական երկրորդ պետականության մասին պատմող կայքէջերում պետք է սփյուռքի նախարարությունը գովազդվեր կամ քարոզվեր, ոչ թե սփյուռքի նախարարության կայքէջում գովազդվեր կամ քարոզվեր հայկական երկրորդ պետությունը: Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտոնական տարբեր գործիչները, քաղաքական զանազան ուժերի ներկայացուցիչները սիրում են ամեն առիթով հայտարարել Ղարաբաղի մասին որպես անկախ եւ լիարժեք պետություն, որպես հայկական երկրորդ պետություն: Բայց, ինչպես երեւում է, այդ ամենը լոկ բառեր են, տեքստեր են, որոնք անգիր են արվում տարատեսակ հանդիսավոր առիթների ժամանակ հնչեցնելու համար: Ու թվում է, թե աշխարհն անարդարացիորեն անհաղորդ է մնում այդ իրողությանը: Բայց իրականում դրա պատճառը ոչ թե աշխարհի երկերեսանիությունն ու անարդարությունն է, այլ թերեւս այն, որ աշխարհի հայկական երկրորդ պետության մասին տեղեկացնող անձինք իրենք իսկ չեն հավատում, որ խոսում են իրապես պետության մասին:

No comments: