Thursday, March 4, 2010

Ցեղասպանության հարցը և Վաշինգտոնի երկընտրանքը

Aysor.am. 4-3-2010- Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվելու է 252-րդ բանաձևը, որը վերաբերում է 1915 թվականին Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման ճանաչման հիմնահարցին: Հարց, որը տասնամյակներ շարունակ հանդիսանում է Վաշինգտոնը, Անկարան և Երևանը միմյանց կապող` տարակարծություններով լեցուն մի կարևոր օղակ: Ցեղասպանության հարցը, մի կողմից իր մեջ ամփոփելով հայ ազգի զգացմունքայնության, մյուս կողմից՝ ավանդական realpolitic-ի սկզբունքները, այսօր միջազգային հարաբերությունների հարթակում ներկայանում է որպես պաշտոնական Անկարայի վրա ճնշում գործադրելու դեռևս մարտավարական մեխանիզմ: Այսօր այդ միջոցի «ավանդական» բովանդակությունը մի շարք փոփոխություններ է կրել, որոնք վերաբերում են անցած տարի հայկական նախաձեռնողականության և առաջատար տերությունների օժանդակությամբ սկսված հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Նախ «ճանապարհային քարտեզի», ապա նաև «ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրումից հետո, ունենք մի վիճակ, երբ Անկարան, փորձելով վավերացման գործընթացը ձգձգել և սակարկությունների գնալ, նպատակ ուներ ուժ գործադրել Հայաստանի ղեկավարության և հատկապես ԼՂ հարցում վերջինիս դիրքորոշման վրա: Այսօր Թուրքիայի ջանքերով գործընթացը փակուղի է մտել: Անկարան, ամենայն հավանականությամբ, ակնկալում էր, թե Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավումից, ապա նաև Մոսկվայի հետ ռազմավարական բնույթի պայմանագրերի և համաձայնությունների ձեռքբերման արդյունքում կարող է մի քանի քայլից կազմված կոմբինացիաների միջոցով հայ-թուրքական բանակցային գործընթաց նախապայմաններ ներմուծել՝ պայմանավորված երրորդ երկրների ազգային շահերի սպասարկման հետ: Սակայն շախմատայինի վերածված դիվանագիտության այս հանգրվանում, Հայաստանի դիրքորոշման կոշտացման և առավել սկզբունքային մոտեցումներ որդեգրելու արդյունքում, Անկարան այսօր ընկել է իր՝ արձանագրությունների ձգձգման քաղաքականության թակարդը: Ինչի՞ է հասել նա այսօր առկա համատեքստում. նախ՝ Ադրբեջանի հետ վատացած հարաբերություններ` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, էներգառեսուրսների վաճառքի ոլորտներում, քանի որ, օրինակ, գազի վաճառքի սակագների մասով Թուրքիան այլևս չի կարող օգտվել ադրբեջանական գազային զեղչերից: Երկրորդ՝ ներկայանալով տարածաշրջանում «զերո խնդիրներ» ունենալու արտաքին քաղաքական կոնցեպտով, այսօր Անկարան իր հրապարակային դիվանագիտության մեջ իր հարևան երկրի հետ հարաբերությունների ապագան պայմանավորում է այլ խնդիրներով, որոնց սուբյեկտ նա չի հանդիսանում: Երրորդ՝ Անկարան ինչ-որ առումով վերագտնելով վստահության այն վարկանիշը Վաշինգտոնում, որ առկա էր նախկինում, ձգձելով արձանագրությունների վավերացումը և հրապարակային նախապայմաններ առաջ քաշելով դրանց վավերացման համար, «ստիպում» է Վաշինգտոնին իր «երաշխավորությամբ» նախաձեռնված գործընթացի անփառունակ վերջաբանի պտուղները քաղել՝ դրանից բխող ԱՄՆ-ի հեղինակության քաղաքականության թուլացման հանգամանքներով: Հաջորդ. Մոսկավայի հետ զարգացնելով հարաբերությունները՝ Անկարան այնուամենայնիվ չկարողացավ ԼՂ խնդիրը որևէ կերպ կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ, որի վերաբերյալ, ի դեպ, ՌԴ-ի վարչապետի դիտարկումը փաստում է, թե որքանով է ընկալելի և ընդունելի հայկական մոտեցումը ՌԴ-ի նման տերությանը: Այօրինակ իրավիճակում, և դա մի կողմից ՀՀ-ի նախաձեռնողական և հետևողական քայլերի, մյուս կողմից՝ Ակարայի՝ «քաղաքական ավանտյուրիզմ» հիշեցնող քաղաքական վարքի արդյունքում, հայ-թուրքական նախաձեռնված գործընթացում անմիջականորեն ներգրավված կողմերը և շահագրգիռ միջազգային կազմակերպությունները միանշանակորեն ընդունելի են համարում հայկական կողմի մոտեցումները և բանակցային գործընթացի տեսլականը: Հայկական կողմից դրքորոշումների հիմնավորվածության և հետևողականության, պետական քաղաքականության մեջ ազգային շահերի՝ որպես առանցքային և հիմքային բաղադրիչի դերակատարման մասին է խոսում նաև ՀՀ-ի կողմից Արձանագրությունների քննարկումը ՀՀ Սահմանադրական դատարանում, որը հաստատեց ՀՀ Սահմանադրությանը դրանց համապատասխանելիությունը՝ հիմնավոր կերպով մեկնաբանելով, թե ինչ է հասկանում դրա տակ: Դիվանագիտական տեսանկյունից սա, անկասկած, շատ տեղին և հիմնավոր քայլ էր, որ ուղղենշեց այն մոտեցումները և ըմբռնումները, որոնք ՀՀ-ն՝ որպես արձանագրությունների կողմ, ընկալում է արձանագրությունների դրույթները: Որպես թուրքական հակաքայլ և ձգձգման քաղաքականության դրսևում՝ Անկարայի մոտեցումը, թե սա ՀՀ-ի կողմից նախապայմանների քաղաքականության դրսևում է, հիմնավոր և փաստարկված չէր գործընթացի կողմ հանդիսացող երկրների համար և ընդունելի չէր, հատկապես այն պարագայում, երբ, ի տարբերություն Անկարայի, Երևանը սկսել էր արձանագրությունների վարվերացման գործընթացի փուլային գործողությունները: Այօրինակ իրավիճակային զարգացումները, որ տեղի ունեցան հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, և արտացոլեցին թուրքական քաղաքականության՝ այս անգամ անհեռանկար ռազմավարությունը՝ իրենց ամենաուղղակի արտացոլումը գտան նաև երկրի, ուր ավանդաբար ներքին կյանքում գերակա են ռազմական կառույցները: «Հայկական» գործոնը դարձավ այն հիմնական գործոններից մեկը, որ Թուրքիայում ներկայիս խորքային ճեղքվածքի առիթ են հանդիսացել: Այսօր Թուրքիայում ներհասարակական և ներպետական ճգնաժամ է, որ կապված է զինվորականների կողմից պետական հեղաշրջման չհաջողված փորձի բացահայտմամբ պայմանավորված զանգվածային ձերբակալություններով: Ներհասարակական և պետական կառավարման համակարգի ճգնաժամային երևույթներն այսօր ավելի են սրել Թուրքիա-արտաքին աշխարհ հարբերությունների միջակայքը, որտեղ դիվանագիտորեն բավական հաշվենկատ համարվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, թե «Անկարան չի վախենում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավոր գործընթացներից»: Էրդողանն ավելի հեռու է գնում և հրապարակայնորեն զգուշացնում է Միացյալ Նահանգներին, թե «Ցեղասպանության ընդունման դեպքում երկկողմ հարաբերությունները բավական լուրջ հարված կստանան, և վերջ կտրվի հայ-թուրքկան հաշտեցման գործընթաց ասածին»: Ի՞նչ է սա նշանակում. այսօր, Էրդողանը և նրա թիմը նույնքան խնդիրներ ունեն երկրի ներսում, որքան դրանից դուրս: Նրանց համար ակնհայտ է, որ «հայկական» գործոնի այսօրինակ խաղարկման պարագայում նրանց համար խիստ աննպաստավոր իրավիճակ է ձևավորվել, հատկապես հաշվի առնելով, որ հայկական կողմի մոտեցումները և դրանց նախահարձակ բնույթը շարունակվում է: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ցեղասպանության գործոնն այսօր Թուրքիայի համար ավելին է քան ավանդական քաղաքական լծակը, որ սովորաբար կիրառվում է նրա նկատմամբ Սպիտակ տան կողմից` ապրիլի 24-ի ԱՄՆ նախագահի ելույթում: Այսօր արդեն մինչև ապրիլյան ուղերձն է այն օրակարգում, իսկ դա նշանակում է, որ այս անգամ բանաձևի հնարավոր ընդունման մեջ «ամենից շատ մեղքի բաժին ունի» թերևս հենց Թուրքիան: Գործընթացի մասնակից բոլոր կողմերն էլ կարծես գիտակցում են, որ մի կողմից՝ տարածաշրջանային իրողություններից ելնելով, մյուս կողմից՝ հայկական լոբբիի գործունեության արդյունքում ինչպես նաև ԱՄՆ-ի, կարծես թե դեռևս հաջողությամբ չպսակված հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նախաձեռնման ներկայիս հանգրվանում, Վաշինգտոնը գործարկում է «մտրակի» քաղաքականությունը և հնարավոր նախասպառնալիքային քաղաքականության միջոցով գործում է ոչ միայն տարածաշրջանում սեփական սցենարների գործարկման, այլ նաև իր քաղաքական հեղինակության վերականգնման համար: Անկասկած, Թուրքիան Վաշինգտոնի համար ունի մեծ կարևորություն, սակայն ներկայիս Թուրքիան նախկին վերահսկելի և ընդունելի երկիրը չէ. այսօր այն հավակնոտ և ագրեսիվ է և փորձում է ինքնուրույն լինել, ուստի հարկավոր է հիշեցնել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ինքնուրույնության և քաղաքական արկածախնդրության հավակնությունները: Այսպիսով կարելի է արձանագրել, որ եթե Կոնգրեսի հանձնաժողովը ընդունի 252 բանաձևը, ապա պարզ կդառնա, որ քաղաքական որոշում է կայացվել, որի համաձայն Թուրքիան ներկայիս քաղաքական իր վարքի հանգրվանում սպառել է վստահության և կառուցողականության իր չափաբաժինը, և դա ազդանշան է մինչև ապրիլի 24-ի ուղերձը: Եթե Կոնգրեսի հանձնաժողովը, այնուամենայնիվ, չընդունի առաջադրված բանաձևը, ապա դա կնշանակի, որ Վաշինգտոնն ու Անկարան եկել են որոշակի համաձայնության, թե մինչև ապրիլ Անկարան պարտավորվում է վավերացնել արձանագրությունները և գործնական քայլեր ձեռնարկել` հայ-թուրքական հարաբերություններում գործնական առաջընթացի ապահովման ուղղությամբ: «Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, ք.գ.թ., Ալեն Ղևոնդյան

No comments: