Thursday, March 4, 2010

Թուրքիայի ԱԳՆ-ն անցել է բացահայտ «զգուշացումների»`Վաշինգտոնի ու Երեւանի հասցեին

/PanARMENIAN.Net/ 04.03.2010 - Թուրքիան զգուշացնում է, որ «ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի նրա հարաբերություններին Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ»: Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկության նախօրեին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական արշավ է սկսել Միացյալ Նահանգներում, ուղղված բանաձեւի արգելափակմանը: «Նման բանաձեւը Կոնգրեսում այսպիսի մի ժամանակահատվածում առանց որոեւէ լուրջ պատճառի խելամիտ քայլ չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ո'չ քաղաքական, ո'չ էթիկայի տեսակետից»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն Կահիրեում: Ըստ նրա, Անկարայի վրա ամեն տարի նույն մեթոդներով ճնշում գործադրելու փորձերը նշանակում են միայն, որ նա, ով փորձում է ճնշում գործադրել, բոլորովին չի ճանաչում Թուրքիան: Թուրքիայի նախարարն ակնարկել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները բարենպաստ փուլում են գտնվում եւ ընդգծել է, որ Անկարան դիտարկում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը որպես «երկու երկրների համատեղ ջանքերին վնասելու փորձ»: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:

No comments: