Thursday, March 4, 2010

ԳՈՐԲԱՉՈՎՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

«ԱԶԳ», 04-03-2010- Աշխարհում «ամենահարատեւ կայսրություններից» մեկի` ԽՍՀՄ-ի կազմի մեջ, հայտնի է, որ Ադրբեջանը մտել է առանց Ղարաբաղի, որը «նվիրել» է նրան Ստալինը հայտնի համաձայնագրով: Հետեւաբար կարելի է նկատել, որ ժամանակակից Ադրբեջանը, որն իրեն համարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, երբեք չի եղել Ղարաբաղի տերը, իսկ սովետական երկրի սահմանադրության համաձայն Սովետների երկրի մաս կազմող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը նույնքան իրավունք ուներ անկախության, որքան հենց Ադրբեջանը: Հետեւաբար Բաքվի կողմից շահարկվող տարածքային ամբողջականության սկզբունքը այնքան էլ չի վերաբերում Ղարաբաղին. որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս. արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ-ի մաս` այո: Այս առումով հետաքրքրական է ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի` Միխայիլ Գորբաչովի հարցազրույցը ռուսական «Կոմերսանտ» թերթին: Գորբաչովը Ղարաբաղի հարցն անվանել է «անչափ հին ու անչափ բարդ»: Իսկ հետաքրքրական է, որո՞նք էին «հեշտության այն հիմքերը», որոնցով որոշվեցին Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճակատագրերը: Ինչեւէ, Գորբաչովը նաեւ արդարացել է, նշելով, որ ինքն ամենեւին էլ մեղավոր չէ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ. «Հայաստանն ու Ադրբեջանը ինձ հաճախ են մեղադրում կողմերից մեկին պաշտպանած լինելու մեջ, սակայն դա այդպես չի եղել», ընդգծել է Միխայիլ Գորբաչովը` հավելելով. «Այժմ ես չգիտեմ, թե ինչ կարելի է Ղարաբաղում անել: Հեղափոխության ժամանակ որոշվել են երկրների արտաքին ու ներքին սահմանները: Ընդ որում որոշվել են այնպես, որ հարեւան սովետական երկրները կախման մեջ լինեն իրարից, որ մշտապես հնարավորություն լինի հակամարտություն «սարքելու», իսկ Մոսկվայինՙ նշանակելու այդ հակամարտության «դատավոր»: Այսպիսով որոշվում էր սովետական երկրի ուժի կենտրոնը: Իսկ կոնկրետ Ղարաբաղում խնդիրներ առաջացել են ե՛ւ պատերազմից առաջ, ե՛ւ դրանից հետո», հայտարարել է Գորբաչովը: Սովետական երկրներն «իրարից կախման մեջ պահելու սկզբունքով» սահմաններ գծելու սովետական սովորությունը, որը խոստովանել է Գորբաչովը, արդյոք չի՞ ապացուցում, որ հենց միայն դրա համար էլ Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին, ինչպես ԽՍՀՄ նախագահն է ասում` հակամարտություններ «սարքելու» հնարավորության համար: Վերջում Գորբաչովը նշել է, որ նման խնդիրները չի կարելի լուծել ազգային հողի վրա. «Չի կարելի թույլ տալ, որ կողմերից մեկը լինի հաղթող, մյուսը` պարտվող. դա չէ հարցի լուծումը: Կողմերը պետք է գտնեն կոնսենսուս: Այ, երբ ամբողջ Եվրոպան կմիավորվի, այդ ժամանակ էլ հեշտ կլինի այս հարցին լուծում տալ», եզրափակել է Գորբաչովը: ԽՍՀՄ նախկին նախագահը երեւի չգիտի, որ այսօրվա միավորված Եվրոպայում անգամ շատ հարցեր լուծվում են ազգային հողի վրա, որ նույն Եվրոպայի մաս կազմող Իսպանիայի ներսում կատալոնացիներն ու բասկերը, օրինակ, անկախության են ձգտում, որ նույն միավորված Եվրոպան արագ եւ հեշտ լուծում տվեց Կոսովոյի խնդրին: Իսկ Ղարաբաղը, որը բոլոր իրավունքներն ունի անկախ ապրելու, որը վաստակել է այդ իրավունքը, որին երբեք չեն կարող վերաբերել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պնդումները` ազատ ինքնորոշվելու իրավունք չունի՞: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: