Tert.am. 8-3-2010- Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, խոսելով հայկական կոտորածների մասին, հայտարարել էր` «Ո՞վ է այսօր հիշում հայերին»: Այդ հարցի պատասխանն այս շաբաթ տվեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Այս մասին բրիտանական The Independent թերթում գրում է հայտնի վերլուծաբան Ռոբերտ Ֆիսկը:
«Թուրքերին հանգստացնելու համար ստիպված ենք լինելու ևս մեկ անգամ մոռանալ 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանության` Հայոց հոլոքոստի մասին: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այդպես արեց: Ջորջ Բուշն էլ թուլակամորեն ի վերջո զիջեց թուրք գեներալներին: Իսկ հիմա էլ մեր աչքի առջև Նոբելյան մրցանակի դափնեկիրն է այդպես վարվում՝ ևս մի խիզախ նախագահ, ով ընտրություններից առաջ խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետո չարեց դա։ Նախագահ, որը նվնվում է՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրելով չասել ճշմարտությունը 1915թ. 1.5 միլիոն հայերի վայրագ բռնաբարությունների և սպանությունների վերաբերյալ…»,- գրում է Ֆիսկը` համոզմունք հայտնելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը չի հայտնվի Կոնգրեսի լիագումար նիստում:
«Վստահաբար կարելի է ասել, որ բանաձևը քվեարկության չի դրվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Սակայն եթե նույնիսկ այնտեղ քվեարկության դրվի, Սենատում չի դրվի: Դրա համար ամեն ինչ կանի Օբաման: Մարդը, որը փոփոխություններ էր ցանկանում. չի ուզում փոփոխություն մտցնել այնպիսի հարցում, ինչպիսին նացիստների կողմից 6 միլիոն հրեաների կոտորածի համար ճանապարհ հարթած Ցեղասպանության ճանաչումն է»,- նշում է հայտնի վերլուծաբանը` ընդգծելով, որ Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունը, այսինքն` թիվ 252 բանաձևի ընդունումը, ապացուցում է մի քանի բան։
«Ամերիկահայ լոբբին դարձել է ավելի հզոր և հարուստ, քան երբևէ: Իսկ թուրքերի համար լուրջ ազդեցություն ունեցավ այն, որ հրեական լոբբին այս անգամ նրանց թիկունքին չէր: Իսրայելը, որը խայտառակ կերպով պնդում է, թե Հայոց հոլոքոստը Ցեղասպանություն չէ, անցյալում աջակցում էր Թուրքիային: Սակայն այս տարի երկու երկրների հարաբերություններում սեպ խրվեց, և իսրայելցիները դեռևս բարկացած են Թուրքիայի վրա այն բանի համար, որ Անկարան դատապարտեց Իսրայելին Գազան արյան ծով դարձնելու համար»։
Ֆիսկը, անդրադառնալով պաշտոնական Անկարայի` Ցեղասպանության բանաձևի առնչությամբ արած նախազգուշացումներին, գրում է. «Նախորդ անգամ թուրքերը, Բուշի աչքը վախեցնելու համար, գեներալներ գործուղեցին ԱՄՆ: Այս անգամ թուրք արտգործնախարարը նախազգուշացրեց, թե «թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ կարևոր փուլում են, և այդ գործընթացի համար անհրաժեշտ է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը առավել քան երբևէ բարձր մակարդակի վրա լինի»: Մեսիջը շատ պարզ է: Եթե Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը, կկորցնի Թուրքիայում ավիաբազաները ու դեպի Իրաք ռազմական շարասյուներ ուղարկելու ճանապարհները: Ցավալին այն է, որ սրանք նույն այն ճանապարհներն են, որոնցով 1915թ. հայերը քայլում էին մահվան քարավաններով... Հուսանք, որ ամերիկացի զինվորները չեն որոշի կանգնել ու փորել այդ ճանապարհների հարակից դաշտերը»,- նշում է Ֆիսկը` ավելացնելով, որ «դեռ այդտեղ են տասնյակ հազարավոր հայերի կմախքները»:
«Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կլիներ, եթե Գերմանիան հանկարծ չընդուներ նացիստների իրականացրած Հոլոքոստը: Արդյո՞ք կանցլեր Անգելա Մերկելը կհամակարպվեր այդ մտքի հետ: Արդյո՞ք Օբաման լոբբինգ կիրականցներ` թույլ տալով Գերմանիային շարունակել այդ անպատկառությունը: Հավանաբար տեղին է հիշել 1939թ. Հիտլերի` գեներալներին ուղղված հարցը: Արևելյան Եվրոպայում միլիոնավոր հրեաներ սպանելու նպատակով Լեհաստան մեկնելուց առաջ Հիտլերն իր գեներալներին մի պարզ հարց ուղղեց. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»: Այս շաբաթ Հիտլերն Օբամայից ստացավ իր հարցի այն պատասխանը, որը կցանկանար լսել»,- եզրափակում է Ֆիսկը:
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment