Saturday, March 13, 2010

Թուրքիայի վերնախավը մինչ օրս ցեղասպանական մտածելակերպ ունի

/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը, այնպես էլ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ցույց տվեցին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունն արդեն տալիս է իր պտուղները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Բաբուխանյանի խոսքով, չնայած, որ այժմ հայ-թուրքական մերձեցման գործընթացում Թուրքիան կառուցողական մոտեցում չի ցուցաբերում, նա մինչեւ ապրիլի 24-ը կարող է վավերացնել հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունները: «Թուրքիան պետք է հասկանա, որ քանի դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, այդ փաստն օգտագործվելու է իր իսկ դեմ: Տարեցտարի Ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվն ավելանում է, իսկ Թուրքիան չի կարող իր դեսպաններին հետ կանչել աշխարհի բոլոր երկրներից»,- ընդգծեց նա: Բաբուխանյանը բոլոր հայ պաշտոնատարներին կոչ արեց շատ զգոն լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում, քանի որ Թուրքիայի վերնախավը մինչ օրս ցեղասպանական մտածելակերպ ունի: «Ու քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա շարունակում է Հայաստանի համար թշնամական երկիր մնալ»,- նշեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Բաբուխանյանը նկատեց, որ ինքը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հայտարարության հետ այն մասին, որ հակամարտության կարգավորումն ավելի շատ անհրաժեշտ է Ադրբեջանին, որպեսզի վերջինիս փախստականներն իրենց բնակության վայրեր վերադառնան: «Դա մասնավորապես Հայաստանի ԱԳ նախարարության մեղքն է, քանի որ վերջինս բանակցություններում չի արծարծում կես միլիոն հայ փախստականներին իրենց տները վերադարձնելու խնդիրը: Այդ իսկ պատճառով ամեն տեսակ եվրոպացի պաշտոնատարներ խոսում են միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդրի մասին»,- նկատեց նա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

No comments: