Monday, March 8, 2010

Հետընտրական դատավարությունները բացահայտում են թերություններ

Հայաստանի դատական համակարգում` ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻ նոր զեկույցի«ՀԵՏՔ» 8-3-2010- Դատավարություները, որոնք տեղի են ունեցել Երևանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները` եզրակացնում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻ) կողմից հրատարակված զեկույցը: Ավելի քան տասնվեց ամիս տևողությամբ ժամանակահատվածում իննսուներեք քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված հարյուրտասնչորս էջանոց զեկույցը, տրամադրում է մանրամասն առաջարկներ` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին: «Դատավարություները տեղի են ունեցել բարձր լարվածության միջավայրում, որը դատարանների աշխատանքը դարձրել էր չափազանց բարդ, և միաժամանակ դժվարությունը պահանջում էր նրանց մասնագիտական գործունեության ամենաբարձր մակարդակ»,- ասում է ԺՀՄԻ-ի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչը: «Մենք հուսով ենք, որ այս զեկույցը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի իշխանությունների ընթացիկ ջանքերին` բարեփոխելու երկրի դատական համակարգը միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»: ՈՒժգին բախումները, որ տեղի ունեցան Երևանում 2008թ. մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում ոստիկանների և 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների դեմ բողոքարարների միջև, արդյունքում հանգեցրին առնվազն ութ մահվան և բազմաթիվ վնասվածքների դեպքերի: 2008թ. ապրիլից 2009թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ԺՀՄԻ երեսունյոթ դիտորդ դիտորդել է բախումների առնչությամբ հարուցված դատավարությունները: Զեկույցի առաջարկություններից են սահմանափակել նախնական կալանքի կիրառումը և հետամուտ լինել անմեղության կանախավարկածին: Այն նաև առաջարկում է միջոցներ` երաշխավորելու մեղադրող և պաշտպանող կողմերի հավասարությունը դատարանում, ինչպես նաև համապարփակ քննություն խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի բողոքների նկատմամբ` կանխարգելելու անօրինական ճանապարհով ձեռքբերված ցուցմունքների կիրառումը: Զեկույցում նշվում է, որ դատավորների համար օգտակար կլինեն անաչառ և մասնագիտական վարքագծի հմտությունների ուժեղացմանն ուղղված հետագա դասընթացները: «ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու իշխանություններին` Հայաստանում արդարադատության բարեփոխումների առաջընթացի շարունակության գործում»,- ասում է Լենարչիչը: «Մեզ նաև հուսադրում է այն բաց վերաբերմունքը, որ ցուցաբերվել է դատավարությունների դիտորդման ծրագրի ժամանակ, և գնահատում ենք իշխանությունների ներդրումը վերջնական զեկույցի պատրաստման գործընթացում: Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին»: Զեկույցի ամբողջական տեքստը տեղադրված է www.osce.org/odihr կայքում:

No comments: