Wednesday, March 10, 2010

Ջեֆրի Ռոբերթսոնը հակադարձում է Մարսել Բերլինսին ու մյուսներին

Panorama.am.9-3-2010- Բրիտնական հեղինակավոր «Գարդիան» (The Guardian) պարբերականի սյունակագիր Մարսել Բեռլինսը մարտի 8-ին հրապարակել էր հոդված` «Ցեղասպանության հարցով քվեարկությունն անգրագետ քայլ է» վերնագրով: Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման փաստին` հոդվածագիրը նշում է. «Նրանց ի՞նչ գործն է: Ես չեմ կարող դատել, թե արդյոք ճիշտ է նրանց որոշումը, ես բավարար չափով տեղեկություններ չունեմ: Ինձ անհանգստացնում է այն, որ նման տգեղ միջամտությամբ ու հրապարակայնությամբ նվաստացվում է այն հանցանքը, որը պետք է դիտարկել մարդկային վարքի ամենավատ դրսևորում»: Այնուհետև հեղինակը տեղեկացնում է, որ «ցեղասպանություն» տերմինը սահմանել է Ռաֆայել Լեմկինը` 1944 թվականին, իսկ 1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած բանաձևում ամրագրվել է, որ «ցեղասպանությունն այն գործողությունն է, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու մտադրությամբ»: Այս մեջբերումից հետո Մարսել Բեռլինսը ներկայացնում է իր անձնական կարծիքն ու նշում, որ ցեղասպանություն կարող են որակվել միայն Հոլոքոստն ու Ռուանդայում տեղ գտած իրադարձությունները: Բրիտանացի հրապարակախոսի այս դիտարկումներին (որոնց պատվիրատուի մասին ենթադրություններ անելն այնքան էլ դժվար չէ – Ա.Մ.) «Գարդիանի» այսօրվա համարում արձագանքել է մեկ այլ բրիտանացի` ցեղասպանագետ, քրեական իրավունքի մասնագետ, Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական Ջեֆրի Ռոբերթսոնը: Վերջինս թերթում հրապարակած բաց նամակում ուշադրություն է հրավիրում Մարսել Բեռլինսի մտքերի խոցելիությանն ու վերահաստատում իր պնդումը, որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն է և միանգամայն համընկնում է նաև 1948 թվականի կոնվենցիայով սահմանված հանցանքին: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Ջեֆրի Ռոբերթսոնի նամակի բովանդակությունը: «Մարսել Բեռլինսը, Հայոց ցեղասպանության հարցով ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվերակությունը քննադատելիս, պնդում է, որ տերմինն ու դրա սահմանումը Ռաֆայել Լեմկինն տվել է 1944 թվականին: Իրականում ռասայական ու կրոնակական խմբերի արյունալի ռեպրեսիաների քրեական պատասխանատվության իր հետազոտությունները Լեմկինը սկսել է ավելի վաղ` 1933 թվականին` մշտապես հղում անելով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներին, որոնք նա մինչև Հոլոքոստը համարում էր ցեղասպանության ամենավառ ու ամենավերջին դրսևորումը: Մարսելն ընթերցողին չի ներկայացնում Կոնվենսիայի սահմանման ամբողջական տեքստը, որն ամրագրում է` «միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում (ռասայական կամ կրոնական) խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»: Ճիշտ և ճիշտ նկարագրությունը հայ գաղթականների վիճակի, որոնցից հարյուր հազարավորները սպանվեցին կամ սովից մահացան: Իր սյունակը նա սկսում է` խոստովանելով, որ «բավարար չափով տեղեկություններ չունի»` պնդելու համար ԱՄՆ որոշումը ճի՞շտ էր, թե՞ ոչ, բայց անտրամաբանական պնդում է անում, թե այն «բաց է քննարկման համար»: Ոչ մի լուրջ հետազոտող այն կասկածի տակ չի առնում, կասկածի տակ չի առնում նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի ցեղասպանության հարցով հատուկ զեկուցողը (Բեն Վիթեյքեր) իր 1985 թվականի զեկույցում: Իմ անձնական կարծիքը ես ներկայացրել եմ նախորդ տարի, որը կարելի է գտնելwww.geoffreyrobertson.com հասցեում: «Նրանց ի՞նչ գործն է»,- հարցնում է պարոն Բեռլինսը ԱՄՆ-ի կոնգրեսական հանձնաժողովին: Այն դեպքում, երբ թուրք գրողները քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատական հետապնդումների են ենթարկվում Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար, դրա ճանաչումը պետք է հուզի բոլորին, ովքեր պայքարում են խոսքի ազատության համար: Բացի այդ, երբ դատավոր Բալթասար Գարսոնը Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում զանգվածային կոտորածների մասին հետաքննությունը բացելիս հայտարարեց, որ մարդկության դեմ ոճիր կատարած անձինք չպետք է հետմահու խուսափեն պատասխանատվությունից: Նույնը կարելի է ասել Հայոց ցեղասպանության մեղավորների դեպքում»: Հավելենք միայն, որ հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը մինչև երկրորդ աշխարհամարտը հետազոտել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն ու փորձել իրավական բնորոշում գտնել այդ երևույթի համար: Հետազոտություններին զուգահեռ նա դիմել է Ազգերի լիգային` այդ «բարբարոսությունն» ու «վանդալիզմը» դատապարտող ու արգելող մեխանիմներ կիրառելու համար: Հետազոտությունների ընթացքում 1943 թվականից սկսած Լեմկինը կիրառում է «ցեղասպանություն» («գենոցիդ», հունարեն «գենոս»` ընտանիք, ցեղ, ռասա, և լատիներեն «ցիդե»` կոտորած, սպանություն բառերից) տերմինը, որը հետագայում օգտագործվում է ՄԱԿ համապատասխան կոնվենցիայում սահմանում տալու համար: Ինչ վերաբերում է Ջեֆրի Ռոբերթսոնին, ապա վերջինս 2009 թվականի դեկտեմբերին հրապարակել է «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանություն» խորագրով տեսակետ-զեկույց, որտեղ իրավական հիմնավորումներ է ներկայացվում խնդրի առնչությամբ: Նույն ժամանակ բրիտանական մամուլում հրապարակվեցին հեղինակավոր մասնագետի գնահատականներն առ այն, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, չնայած ձեռքի տակ ունեցած բազմաթիվ փաստաթղթերին ու վավերագրերին, հապաղում է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը` տեղի տալով Թուրքիայի հետ ունեցա տնտեսական ու քաղաքական համագործակցությամբ թելադրված ճնշումներին: Հեղինակ` Արմեն Մինասյան

No comments: