Aysor.am. 6-3-2010- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությունը նախկինում գնահատում էի 65/35, հիմա արձանագրում եմ հավանականության անկում, բայց ոչ այն աստիճանի, որ կարելի է համարել փակուղի:
Նման տեսակետի է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Նա նշեց, որ եթե փակուղու մասին խոսելու լինենք, կարող ենք ասել, որ հարցը փակուղի է մտել, եթե մինչև ապրիլի 24-ը չլինի վավերացում:
«Հավանականության մասին խոսելիս` նկատի ենք ունենում մինչև ապրիլի 24-ը: Հավանականության նվազումը չեմ կապում միայն Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևի հետ, այդ անկումը կապ ունի Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ»,- ասաց Բեքարյանը:
Իրականում, ըստ նրա, կա «հետաքրքիր» մի խնդիր, և դա Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօլուի հայտարարությունն է այն մասին, որ արձանագրությունների վավերացումը կտևի 3 օր, իսկ երբ 3 ամսից սկսվի պատերազմը, նորից կփակեն սահմանադուռը:
«Պետական պաշտոնյաների որոշակի խումբ կա, որոնք անձնական կարծիք հայտնելու իրավունք չունեն: Սա ուժի անուղղակի սպառնալիք է: Եթե խոսք է գնում պատերազմական գործողությունների մասին, Հայաստանը չի եղել կողմ, իսկ երբ նման հայտարարություն ենք լսում, սա նշանակում է կոչ Ադրբեջանին»,- նշեց Բեքարյանը` հավելելով, որ դրանով միջազգային հանրությանն ապացուցեցինք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը սոսկ նպատակ չէ, այլ անվտանգության խնդիր է` Դավուօղլուի նման հայտարարության պարագայում:
Բացի այդ, ոչնչացվեց թուրքական պառլամետնի` ժողովրդավարության և ազատ որոշում կայացնելու վերաբերյալ «միֆը»:
«Հիմա վավերացնենք, բայց եթե 3 ամիս անց… Այս գործընթացում բանավոր արտահայտությունների մեջ Ղարաբաղի հետ կապված նախապայմանին ականատես էինք լինում, ի՞նչ է նշանակում հայտարարությունը, սա նախապայմանից հրաժարում է, սրա մեջ երկակի բան կա: Հայտարարությունից, թե հնարավոր չէր Ղարաբաղը` որպես նախապայման առաջ տանել, որովհետև հայերը միանգամից Ցեղասպանության հարցն էին առաջ տանելու, հստակ հասկանում ենք, որ նախապայմանային լեզուն միջնորդներով բանակցությունների ընթացքում չի եղել»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահը:
Նրա խոսքերով, Դավուօթղլուի հայտարարությունների դեպքում շատ մոտ էր նրա հրաժարականի հարցը: Ինչ վերաբերում է Թուրքիայի` այս կամ այն պայմանավորվածությունից հրաժարվելու հավանականությանը, Բեքարյանի համոզմամբ, ոչ մի փաստաթուղթ քաղաքական պրոցեսների ֆորսմաժորներից կողմերից և ոչ մեկին չի ազատում: Սակայն արդեն իսկ բացասական է, որ Թուրքիան ուժի սպառնալիքի լեզվով է խոսում. «Ուժի սպառնալիք ասելով էլ ավելի շատ նկատի ունեմ ոչ թե սահմանադռան փակումը, այլ որպես աննուղակի մեսիջ Ադրբեջանին»:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեպքում էլ Բեքարյանի խոսքերով, երբ Թուրքիայում կա ներքին ժողովրդավարացման գործընթաց, դու ունենում ես հնարավորություն իր իսկ տեղեկատվական դաշտում ունենալ ազդեցություն, եթե ինչ-որ բաց վիճակ կա, ներմուծման հնարավորություն ստանում ես. «Մի պահ պատկերացնենք, ողջ աշխարհը ճանաչել է Ցեղասպանությունը, միևնույն է, դու քո հարցերի լուծումը տեսնում ես, երբ ինքն է ճանաչել` ուղղակի կամ անուղղակի` միջազգային ճնշումների արդյունքում»:
Մյուս սցենարով, ըստ Կարեն Բեքարյանի, երբ Թուրքիան հանդես է գալիս որպես ձգձգող երկիր, երբ ինչ-որ երկրում սկսում են խոսել Ցեղասպանությունից, Թուրքիան ասում է` խոսում ենք Հայաստանի հետ, դուք խանգարում եք, այդ երկիրը բանախոսի վստահեցմամբ, հանգիստ կասի` «Թուրքիա, դուք չեք խոսում, դուք խոսելու իմիտացիա եք անում»:
Saturday, March 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment