Tuesday, March 9, 2010

Ադրբեջանում արգելափակվել են Ալիեւների ունեցվածքի մասին տեղեկություններ հրապարակող կայքերը

Panorama.am.9-3-2010- Ամերիկյան ադեցիկ «The Washington Post» թերթում Ալիեւիների ընտանիքի ունեցվածքի, այդ թվում Ադրբեջանի նախագահի 11-ամյա որդու եւ դուստրերի անունով Դուբայում 75 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի ձեռքբերման մասին սենսացիոն հետազոտության հրապարակումից հետո, հոդվածի ադրբեջաներեն թարգմանությունն առաջինը տպագրել էր «Ազադլըգ» ռադիոկայանի կայքը: Azadlig.az-ը հայտնել է, որ դրանից մեկ օր հետո, Ադրբեջանում հնարավոր չի եղել մտնել ոչ այս, ոչ էլ «The Washington Post» թերթերի կայքերը: Միաժամանակ արգելափակվել են նաեւ Ադրբեջանի հետ կապված տեղեկությունները «Yahoo.com» միջազգային որոնող կայքում: Երեւում է` այդ ճանապարհով թաքցնելով իր մասին տեղեկությունները, Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է տեղեկատվական շրջափակման մեջ պահել երկրի հասարակությանը. հայտնել է azadlig.az-ը` շեշտելով, որ հրապարակումը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանի իշխանությանը: «Ազադլըգ»-ը հայտնել է նաեւ, որ այդ վիճակից դուրս գալու համար Ադրբեջանի իշխանությունը տարբեր տեղեկություններ է դրել շրջանառության մեջ, ըստ որոնց, նման հոդված հրապարակելու պատճառն այն է, որ «ԱՄՆ-ն ինչ-ինչ հետաքրքրությունների բավարարման համար հերթական անգամ Իլհամ Ալիեւին ճնշում է»: «Նման տեղեկություններով իշխանությունն աշխատում է հասարակության ուշադրությունը շեղել փաստի բուն բովանդակությունից: Այլապես այնքան էլ հեշտ չէ բացատրել հասարակությանը Արաբական Միացյալ Էմիրայություններից ամերիկյան թերթի ստացած պաշտոնական տեղեկությունները,- գրում է «Ազադլըգ»-ը:- Ընդհանրապես դրան խելացի բացատրություն չի կարող լինել: Իշխանությունը չի էլ կարողանում ժխտել այդ փաստը: Նման դեպքում, պետք է դիմել դատարան: Սակայն «The Washington Post»-ին դատի տալը կարող է այլ փաստերի հայտնաբերման պատճառ դառնալ: Դրա համար իշխանությանը մնացել է շանտաժի ճանապարհը», եզրահանգում է «Ազադլըգ»-ը:

No comments: