Wednesday, April 21, 2010

Հրապարակվել են Ցեղասպանության հարցում թուրք դիվանագետներին ուղղորդող 10 կետերը

Tert.am. 21-4-2010- Անկարան հատուկ ցուցումներ է ուղարկել աշխարհի տարբեր երկրներում հավատարմագրված իր բոլոր դիվանագիտական առաքելություններին: Թուրքական Hurriyet օրաթերթը ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության` բոլոր թուրքական դեսպանատներին և հյուպատոսարաններին ուղարկված «գործողության պլանում» տեղ գտած 10 կետերը. 1. Շփումներ հաստատեք այն երկրի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որտեղ դուք գտնվում են: Հայերի առջև բացեք թուրքական դիվանագիտական առաքելության դռները և նրանց նույնպես մասնակից դարձրեք ձեր կազմակերպած միջոցառումներին: 2. Մասնակցեք հայերի ազդեցիկ կազմակերպությունների միջոցառումներին և ժողովներին, բացատրեք նրանց Թուրքիայի դիրքորոշումը: 3. Հայկական սփյուռքում հիմնականում երեք խումբ կա` Ցեղասպանության հարցում շահ հետապնդողներ, Թուրքիայից գաղթած, սակայն դեռևս կապեր պահպանողներ, Ցեղասպանության հարցում ավելի չափավոր դիրքորոշում ունեցողներ: Հատկապես կապեր հաստատեք այդ վերջին խմբի ներկայացուցիչների հետ: Սակայն մի անտեսեք նաև Թուրքիային դեմ հանդես եկողներին: Նրանց նույնպես հրավիրեք դեսպանատներում և գլխավոր հյուպատոսություններում կազմակերպվող միջոցառումներին: 4. Այն երկրներում, որտեղ դուք գտնվում եք, մի անտեսեք հայ դիվանագետներին: Անպայման ընդունեք նրանց հրավերներն ու մասնակցեք նրանց կողմից կազմակերպվող հավաքույթներին: 5. Շփումներ հաստատեք այն երկրների համալսարաննների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ դուք գտնվում եք: Ելույթով հանդես եկեք նրանց կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ: Յուրաքանչյուր առիթի դեպքում ներկայացրեք, բացատրեք Ցեղասպանության հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը: 6. Շփումներ հաստատեք այն երկրների մտավորականների հետ, որտեղ դուք գտնվում եք, և նրանց ներկայացրեք Թուրքիայի դիրքորոշումը: 7. Զարգացրեք ձեր կապերը Թուրքիայի հետ մոտ հարաբերություններ ունեցող Բալկանյան, Մերձավոր Արևելքի, հարևան երկրների դիվանագետների հետ: Ցեղասպանության թեման օրակարգ բերեք այդ երկրների դիվանագետների հետ կազմակերպվող համաժողովների ընթացքում: Ստեղծեք այնպիսի պայմաններ, որոնց դեպքում երրորդ երկրների դիվանագետները, հատկապես նրանք, ովքեր ջերմ են վերաբերվում Թուրքիային, կկարողանան ծանոթանալ Թուրքիայի դիրքորոշմանը: 8. Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնելիս հատկապես շեշտադրում արեք Անկարայի առաջարկած և Հայաստանի հետ ստորագրված Արձանագրություններում տեղ գտած «պատմաբանների համատեղ հանձնաժողովի» վրա: Ձեր հիմնական ուղերձը պետք է լինի պատմությունը պատմաբաններին թողնելը: 9. Ուշադրություն հրավիրեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Նշեք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը նպաստելու է երկու երկրների ժողովուրդների բարօրությանը: 10. Ընդգծեք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը նպաստելու է Կովկասում կայունության հաստատմանը: Այդ շրջանակում բացատրեք, որ ողջ տարածաշրջանում կայունության ապահովման համար անհրաժեշտ է ոչ միայն Երևան-Անկարա մերձեցումը, այլ նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»:

No comments: