Saturday, April 17, 2010

Ս. Նիկոյան. «Թուրքիան հասկացել է, որ Հայաստանի հետ նախապայմանների լեզվով չի կարելի խոսել»

Panorama.am. 17-4-2010- «ՀՀ նախագահը Վաշինգտոնում, ամենաբարձր մակարդակով ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը: Եվ ես կարծում եմ, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել չի կարելի»,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վաշինգտոնում ունեցած հանդիպումները, Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը: ԱԺ փոխնախագահի խոսքերով, նախագահը հստակ ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար քննարկելի հարց չէ, և դրա իրողությունը Հայաստանի համար երբեք չի էլ կարող քննարկելի լինել: Քաղաքական գործչի կարծիքով` երկրորդ կարևորագույն շեշտադրումն այն էր, որ նախագահը հստակորեն նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: «Թուրքիան այն պետությունը չէ, որը կարող է իր դերակատարությունը բերել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Եվ երրորդ` նախագահը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը երբեք թույլ չի, որ որևէ մեկը Հայաստանի հետ խոսի նախապայմանների լեզվով»,- ասաց Ս. Նիկոյանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան ևս դա արդեն հասկացել է, որ Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել չի կարելի: Որքան էլ տարօրինակ հնչի, այս մասին նշում են նույնիսկ թուրքական ԶԼՄ-ները: Նույնիսկ թուրք լրագրողներն էին նշում, որ ՀՀ նախագահը հասկացնել է տվել, թե Թուրքիան չի կարող դերակատարություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններում»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

No comments: