Monday, April 19, 2010

Թուրքիան վախենում է անգամ իր պատմաբաններից. Էթյեն Մահչուփյան

Tert.am. 19-4-2010- Եթե Թուրքիայի նշանակությունը միջազգային ասպարեզում ավելի քիչ լիներ, ըստ էության, աշխարհի բոլոր խորհրդարանները վաղուց ճանաչած կլինեին Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին գրում է «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման գործընթացին և Թուրքիայի որդեգրած ժխտողական քաղաքականությանը։ «Ուղղակի զավեշտ է կարծել և հայտարարել, թե Հայոց ցեղասպանության եղելիության հարցն ընդունվել է մեկ ձայնի առավելությամբ... Այսինքն` դա չի նշանակում, թե խորհրդարանականներից ոմանք համոզված են, ոմանք էլ` ոչ, որ 1915թ. Ցեղասպանություն եղել է: Բոլորն էլ այն կարծիքին են, որ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանություն որակմանը, և խնդիրն այստեղ տվյալ երկրի օրենսդիր մարմնի կողմից Ցեղասպանության հարցի ընդունումը կամ մերժումն է: Եվ շատ բնական է, որ հարցի առնչությամբ որևէ բանաձև ընդունվում է ձայների շատ փոքր առավելությամբ, որովհետև պատմության տեսանկյունից անիրավացի Թուրքիան քաղաքականության տեսանկյունից բավական հզոր է: Կարճ ասած՝ եթե միջազգային հանրության խիղճը Թուրքիային մեղավոր չհամարեր, որևէ բանաձև որևէ երկրի խորհրդարանի օրակարգ չէր բերվի: Մյուս կողմից, եթե Թուրքիան այսօր ավելի քիչ նշանակություն ունեցող երկիր լիներ, աշխարհի բոլոր երկրների խորհրդարանները վաղուց ճանաչած կլինեին Հայոց ցեղասպանության փաստը»,- գրում է Էթյեն Մահչուփյանը: «Ակօս»-ի գլխավոր խմբագիրը անդրադառնում է նաև Անկարայի` Հայոց ցեղասպանության հարցում «պատմությունը պատմությանը թողնելու» մոտեցմանը և ընդգծում, որ թուրքական իշխանությունների` պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունն ամենևին էլ պատմական իրադարձություններն անկեղծ լուսաբանելու նպատակ չի հետապնդում: «Թուրքիայի` «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու առաջարկությունը համոզիչ չէ, իսկ հարցը պատմաբաններին թողնելու տեսակետը` անիմաստ, քանի որ առանց այդ էլ 90 տարի հարցը թողնվել է պատմաբաններին... Թուրքիայի իրական նպատակը ոչ թե հարցը պատմաբաններին, այլ «իր համար ընդունելի» պատմաբաններին թողնելն է: Նման կերպ Թուրքիան ցանկանում է անհամատեղելի պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել, և, քանի որ նման հանձնաժողովում ընդհանուր տեսակետ չի լինելու, հայտարարել, թե պատմական իրողությունն «անորոշ» է»,- գրում է Մահչուփյանը` ավելացնելով, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն օրեցօր միջազգային հանրության մոտ է՛լ ավելի է ամրապնդում այն համոզմունքը, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է: «Եթե Թուրքիան նպատակ ունի իրոք պատմությունը թողնել պատմաբաններին և համաձայնել հանձնաժողովի կողմից իրականացվելիք հետազոտությունների արդյունքներին, ապա թող այդ հանձնաժողովում ընդգրկի տարբեր տեսակետների կողմնակից թուրքաբնակ պատմաբանների: Իսկ մի՞թե կարելի է լուրջ վերաբերվել մի երկրի`պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչին, ով վախենում է անգամ իր պատմաբաններից»,- գրում է Էթյեն Մահչուփյանը` նշելով, որ Թուրքիայի այդ ժխտողական քաղաքականությունն առաջ է բերում խավարամտություն` ինքնությունը դարձնելով պաշտամունքի առարկա, իսկ նման գործելաոճն ամենևին էլ չի նպաստում Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը:

No comments: