Thursday, April 29, 2010

Փաշազադեն համաձայն չէ Ալիեւի հետ

«Առավոտ» 27-4-2010- Լեռնային Ղարաբաղի հարցը միայն երկու երկրների խնդիրը չէ: Այն պետք է լուծվի միջէթնիկական եւ միջկրոնական երկխոսության շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, հղում անելով Day.az-ին, այդ մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: «Մենք՝ ԱՊՀ երկրների կրոնական առաջնորդներս, պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ ժողովուրդները կմերձենան միմյանց»,- ասել է Ա. Փաշազադեն նախօրեին Բաքվում ԱՊՀ միջկրոնական խորհրդի գագաթնաժողովի բացման ժամանակ: Խորհրդի աշխատանքին մասնակցում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: «Կրոնական առաջնորդները չեն կարող անտարբեր մնալ մեր երկրներում առկա խնդիրների նկատմամբ»,- ասել է նա: Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարն աջակցություն է հայտնել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վերջերս Երեւանում հնչեցրած տեսակետին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով եւ միաժամանակ համոզմունք հայտնել, որ եկեղեցու բազմադարյա փորձը կարող է կիրառվել ժողովուրդների հարաբերություններում: Հիշյալ խաղաղասեր հայտարարությունները խիստ հակասում են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու՝ ԱՀ նախագահ Ի. Ալիեւի մշտական սպառնալիքներին:

No comments: