Saturday, April 17, 2010

Դավութօղլու. Թուրքիան Ղարաբաղի խնդիրը նախապայման չի դնում

News.am. 16-4-2010- Թուրքիան Ղարաբաղի խնդիրը նախապայման չի դնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Վաշինգտոնի Council on Foreign Relations վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ: Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Դավութօղլուի ելույթը վերաբերվել է Իրանի միջուկային խնդրին եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Հայաստանի հետ հարաբերություններին անդրադառնալիս` Թուրքիայի արտգործնախարարը նշել է. «Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարաններում վավերացնելու համար անհրաժեշտ է երկու երկրներում էլ ապահովել քաղաքական եւ հոգեբանական անհրաժեշտ մթնոլորտ: Անհրաժեշտ է, որ մեր հայ բարեկամների հետ համբերատարությամբ ու համակարգված այդ ուղղությամբ հող նախապատրաստենք»: Ըստ Դավութօղլուի՝ «եթե դա արվի, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն էլ իր հերթին գործընթացին աջակցություն կլինի»: «Ղարաբաղի հարցը մենք նախապայման չենք դնում: Սակայն գիտենք, որ Կովկասում, Միջին Արեւելքում, Բալկաններում բոլոր նման խնդիրները մեկը մյուսի հետ կապված են: Դրական արդյունքների համար աշխատում ենք եւ լավատես ենք: Մենք պատրաստ ենք ոչ միայն պետությունների մակարդակով հաշտեցման հասնել, այլ նաեւ ցանկանում ենք հաշտության հասնել նաեւ աշխարհի տարբեր քաղաքներում ապրող հայկական Սփյուռքի հետ: Մեր պատմության հետ կապված` մենք պատրաստ ենք լսել մեր հայ բարեկամներին»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ ահա, թուրքական Habergazete-ն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` թուրքական իշխանությունները թուրք հասարակությանը մի բան են ասում, ամերիկյան պաշտոնյաներին` մեկ այլ բան: Մասնավորապես՝ Էրդողանը նշում էր, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման` հայ-թուրքական սահմանը չի բացվի, իսկ Դավութօլուն Վաշինգտոնում հայտարարել է, թե Թուրքիան հրաժարվել է Ղարաբաղը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ նախապայման դնելուց:

No comments: