Wednesday, April 21, 2010

Մոսկվայում կայացավ Սերժ Սարգսյանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ

«Ազատություն. 20-4-2010- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ վերջինիս մերձմոսկովյան Գորկի նստավայրում։ Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ։ «Այն, որ մենք հանդիպում ենք այսպիսի նախանձելի հաճախականությամբ եւ կանոնավոր կերպով, ինձ թվում է, շատ կարեւոր է մեր երկրների միջեւ գոյություն ունեցող փոխվստահության եւ փոխհամաձայնության տեսակետից», - ասել է Ռուաստանի նախագահը՝ ընդգծելով, որ երկու երկրները ռազմավարական գործընկերներ են։ Այս տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արդեն երրորդ հանդիպումն էր: Երկու նախագահների նախորդ հանդիպումները կայացել էին Մոսկվայում եւ Սոչիում։ Իր հերթին, Հայաստանի նախագահը առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական կարգավորման գործընթացին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին Երեւանում հայ-ռուսական ինովացիոն կենտրոնի բացման կապակցությամբ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը Երեւանում Ռուսաստանի դեսպանատան հետ աշխատանք է տանում ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հուշահամալիրի վերականգնման ուղղությամբ։ Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը՝ Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել մեկ տարի առաջ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկի համար, նշելով, որ այդ վարկի դրական արդյունքները արդեն տեսանելի են։ - «Առաջին եռամսյակում մենք համախառն ներքին արդյունքի 5.5 տոկոս աճ ենք արձանագրել», - ասել է Սերժ Սարգսյանը։ Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Երեւան։

No comments: