Monday, May 3, 2010

ԼՂՀ նախագահի վարկանիշն աճել է 10 տոկոսով

Aysor.am. 3-5-2010- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտություներին հետևում են ԼՂՀ բնակչության շուրջ 57 տոկոսը, հատուկ չի հետևում ընտրություններին 23.5 տոկոսը, իսկ ընդհանրապես ընտրություններով հետաքրքրված չէ 19.6 տոկոսը: Այս են վկայում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները, որը կատարվել է Արցախի Ազատամարտիկների միության երիտասարդական թևի ջանքերով: «Գործող իշխանությունների գործունեության դրական գնահատականները գերակայում են բացասականներին»,- հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` նշելով, որ ԼՂՀ նախագահին տրված գնահատականները 9 դրական և 1 բացասական գնահատականի հարաբերակցությամբ են, վարչապետինը` 7.5 դրականը 1-ի հարաբերակցությամբ, ԱԺ նախագահինը` 8-ը 1-ին, իսկ իշխանական մյուս կառույցներինը` 3-ը 1-ին: Արցախցիների կենսական կյանքում դրական փոփոխություններ կան, թե՞ոչ հարցին հարցվողների 56.4 տոկոսը գտնում է, որ իրենց ընտանիքի կենսամակարդակը լավացել է, 16.3 տոկոսը գտնում է, որ վատացել է, իսկ մնացածը պատասխան չեն ունեցել կամ հստակ չեն կարողացել պատասխանել: Այս առիթով Ա. Ադիբեկյանը հայտնեց, որ կա «հայկական սինդրոմ, որի համաձայն` համայնքում վիճակն ավելի լավ է, քան ընտանիքներում»: «Ինչպե՞ս կարող է համայնքում, որը կազմված է ընտանիքներից, ավելի լավ լինել, քան ընտանքիներում»,- հարցադրեց Ա. Ադիբեկյանն ու պատասխանեց, որ այստեղ էլ գործում է «այլուր ավելի լավ է, քան մեզ մոտ» հոգեբանական մոտեցումը: Ինչ վերաբերում է բուն ընտրություներին, ըստ Ա. Ադիբեկյանի, «ի դեմս Բակո Սահակյանի, ով նախորդ ընտրություններին հավաքել էր մոտ 85 տոկոս ձայն, ապա այսօր նրա դրական վարկանիշը բարձրացել է 10 տոկոսով` հասնելով 94.5 տոկոսի»: Հարցումների համաձայն` խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել ձայներ կհավաքեն «Ազատ հայրենիք», Ժողովրդավարական կուսակցությունները և Հայ հեղափոխական դաշնակցությունը:

No comments: