Saturday, May 1, 2010

2+2= 5 կամ 6. Թուրքիայի ԱԳՆ

Tert.am. 30-4-2010- Առաջիկայում Անկարան Հայաստանի առնչությամբ ոչինչ չի ծրագրել: Այս մասին, թուրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բուրաք Օզուգերգինը: Անդրադառնալով Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) օրակարգում ներառված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին` Օզուգերգինը հույս է հայտնել, որ դրա ընդունումը կտապալվի: «Հուսով ենք, որ ինչպես անցյալում, այս անգամ էլ այդ օրինագիծն անպտուղ կմնա: Մեր դիրքորոշումը խորհրրդարանների կողմից պատմությունը դատապարտելու հարցում հայտնի է: Եթե պատմությամբ զբաղվեն պատմաբանները, շատ ավելի լավ կլինի»,- հայտարարել է Օզուգերգինը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանի հետ կապված ոչինչ ծրագրված չէ: Օզուգերգինը հրաժարվել է մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի` Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան նշանակվելու մասին լուրերը: Անդրադառնալով հայկական մամուլում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ լույս տեսած վերջին հրապարակումներին` Օզուգերգինը հայտարարել է. «Այնպիսի տպավորություն է, թե ստորագրելով Արձանագրությունները և սկսելով հարաբերությունների կարգավորման գործընթաց, մենք այլևս չենք կարող հետաքրքրվել ղարաբաղյան հիմնախնդրով»: «Այս տրամաբանությունը հնարավոր չէ ընկալել. Արձանագրությունները ստորագրեցինք և այդ պատճառով դադարում ենք հետաքրքրվել տարածաշրջանով` մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դա տարօրինակ տրամաբանություն է: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է կորուստներ չունենանք նաև Ղարաբաղում, և հակառակը: Մաթեմատիկայում 2+2 միշտ հավասար է 4-ի: Սակայն միջազգային հարաբերություններում այդ գումարը կարող է հավասար լինել 5-ի կամ 6-ի: Կովկասի խաղաղությունն էլ նման մի բան է: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, և եթե մենք էլ հարաբերությունները կարգավորենք Հայաստանի հետ, ձեռք բերվելիք արդյունքը շատ ավելի մեծ է լինելու: Մենք հենց դա ենք ցանկանում ապահովել»,- հայտարարել է Օզուգերգինը:

No comments: