Wednesday, May 5, 2010

ԲՀԿ. Ադրբեջանցի քաղաքական գործիչները իրենց ցնդաբանությունները ներկայացնում են իբրեւ իրականություն

News.am. 5-5-2010- Ադրբեջանական կողմի՝ ղարաբաղյան պատերազմը վերսկսելու եւ Լաչինից ու Քելբաջարից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին հայտարարություններն առաջիններից չեն. նման հայտարարություններ անում են այդ երկրի նախագահը, արտգործնախարարը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե Հայաստանը Լաչինից եւ Քելբաջարից դուրս գալու համար ժամանակ է խնդրել: Զոհրաբյանի խոսքով, ադրբեջանցի քաղաքական գործիչները իրենց ցնդաբանությունները ներկայացնում են իբրեւ իրականություն. «Նրանք դա անում են գուցե ներքին սպառման համար, բայց փաստն այն է, որ նրանց հոգեկան տվայտանքները անհեթեթ հայտարարությունների պատճառ են դառնում»,- նկատեց ԱԺ պատգամավորը։ Անդրադառնալով պատերազմի վերսկսման մասին Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին՝ Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց վերհիշել նույն ղարաբաղյան պատերազմում կրած պարտության մասին. «Ադրբեջանական բանակի ոգին հերիքեց միայն Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու համար»,- հիշեցրեց ԲՀԿ պատգամավորը։ Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Հայաստանը Լաչինից եւ Քելբաջարից իր զինված ուժերը դուրս բերելու համար ժամանակ է խնդրել, եւ որ այդ գործընթացը մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

No comments: