Saturday, May 1, 2010

ՀԵՏՔԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՖՐԻԿԱ

«Լրագիր» 30-4-2010- Ինտերնետում վերջերս հայտնվեցին լուսանկարներ, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին են` Սեդրակ Քոչարյանը, ովքեր որս են անում Աֆրիկայում եւ լուսանկարվել են խփված կենդանիների հետ, որոնց, ենթադրաբար, իրենք էլ հենց խփել են: Լուսանկարները տեղադրված են աֆրիկյան այն կազմակերպության կայքում, որն ըստ երեւույթին հենց կազմակերպում է այդ որսորդությունը, մատուցում է համապատասխան ծառայություններ: Լուսանկարներն ամենեւին էլ բացահայտում չեն, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով հայտնել էր աֆրիկյան որսորդության, որսորդական խարույկների մասին: Բայց, ինչպես ռուսներն են ասում, ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Երբ տեսնում ես Ռոբերտ Քոչարյանին սպանված կենդանու հետ լուսանկարված, ապա Ռոբերտ Քոչարյանի այդ նախասիրությունը պատկերանում է բոլորովին այլ լույսի, այլ ընդգրկման ներքո, քան պարզապես մարդկային հրապուրանքը, որը հատուկ է միլիոնավոր անձանց, որոնք զբաղված են մեծ ու փոքր կենդանիների որսորդությամբ: Ես գիտեմ մարդկանց, որոնք որսորդության սիրահար են, թեեւ աշխատանքային կոստյումի ծոցագրպանում կարող են ասենք հատվածներ պահել Չարենցի բանաստեղծություններից, եւ աշխատանքային սեղանի դարակում էլ պահում են Աստվածաշունչը: Նրանք իհարկե առյուծներ կամ հսկայական անտիլոպներ, բիզոններ կամ ցլեր չէ, որ սպանում են, այլ առավելագույնը լոր կամ կաքավ, բայց “հանցագործի” չափն ամենեւին չի կարող լինել նրա հանդեպ դատավճռի խստացման կամ մեղմացման հանգամանք: Որսը որս է, ինչպիսին էլ լինի որսվող կենդանին: Մնացյալ ընկալումները զուտ հոգեբանական խնդիր են: Հետեւաբար, ասել, թե Ռոբերտ Քոչարյանը սրբապղծություն, կամ անմարդկայնություն է անում աֆրիկյան կենդանիներ որսալով, թերեւս այդքան էլ իրավացի չի լինի: Թեեւ, մեծ հաշվով, այդ որսը կարծես թե յուրահատկություն ունի, եւ շատերի գնահատմամբ, դա ոչ այնքան որս է, որքան ուղղակի սպանություն, երբ “որսորդը” մեքենայի միջից օպտիկական զենքով կրակում է անպաշտպան կենդանուն: Բայց, տվյալ դեպքում բանն իհարկե ձեւը չէ, թեեւ դրանից էլ շատ բան է կախված: Լուսանկարների մեջ միայն Ռոբերտ Քոչարյանը չէ: Այնտեղ կան էլի շատ մարդիկ: Բայց կարելի է թերեւս վստահաբար ասել, որ դրանց մեջ չկա որեւէ երկրի նախկին նախագահ: Այդ առումով Ռոբերտ Քոչարյանը գուցե միակն է: Թերեւս հենց դա է խնդիրը: Երբ այժմ Աֆրիկայում Ռոբերտ Քոչարյանն իր հետեւից թողնում է սպանված կենդանիներ, ապա հարց է առաջանում, թե իսկ ինչ է նա թողել իր հետեւից երկրի նախագահի պաշտոնում: “Սպանված մարդիկ”, թերեւս միանգամից կասեն հարյուր հազարավոր հայաստանցիներ, հիշելով մարտի 1-ը: Ու նրանք թերեւս կլինեն միանգամայն իրավացի: Ընդ որում, ամենեւին կարեւոր չէ, թե որքան է օրինակ այդ մարդկանց սպանության մեջ Ռոբերտ Քոչարյանի ուղղակի դերը` նա հրաման է տվել, համաձայնություն է տվել պետք եղած դեպքում այդպիսի որոշում կայացնելու, թե անձամբ ինքն է օրինակ ցույց տվել ոստիկաններին: Դա, տվյալ պարագայում, բացարձակապես կարեւոր չէ: Փաստն այն է, որ նրա նախագահության ժամանակահատվածում, երբ նա պատրաստվում էր իշխանությունը հանձնել իր հաջորդին, Հայաստանում սպանվել է 10 քաղաքացի: Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, որ այդ քաղաքացիներն իսկապես խուլիգանություն էին անում, մեքենա էին այրում եւ խանութ թալանում, նույնիսկ եթե ենթադրենք, որ պաշտոնական այդ վարկածը ճիշտ է (թող ներեն ինձ մարտի 1-ի զոհերի հարազատները այդ “ենթադրության” համար), միեւնույն է, ինչ տրամաբանության մեջ է տեղավորվում այն, որ իրավապահ ուժերը գնդակահարում են խանութ թալանողին կամ մեքենա այրողին: Եթե այդպես լիներ, ապա Ֆրանսիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց փողոցները պիտի լցրած լինեին դիակներով, որովհետեւ այդ երկրներում տարբեր առիթներով եղան հանրային հուզումներ, որոնց մասնակիցները կրկնակի եւ եռակի ավելի ավերածություններ էին գործել, քան այն, ինչ իշխանությունը նկարահանել եւ ցուցադրում էր Երեւանում մարտի 1-ի կապակցությամբ: Մինչդեռ այդ երկրներից որեւէ մեկում որեւէ ցուցարար չսպանվեց: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտը աչքի ընկավ Հայաստանի հանրապետության 10 քաղաքացու սպանությամբ: Դրանից հետո ուղղակի հակաքրիստոնեական է թվում խոսել նրա սպանած կենդանիների մասին, նրա որսորդության մասին, դա տեղավորել որեւէ կրոնա-բարոյական կամ էթիկական կատեգորիայի մեջ: Մինչդեռ հարցը, թե ինչ է թողել իր հետեւից Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում, մնում է ուժի մեջ եւ շարունակում է ստվերել, խորը ստվերել Աֆրիկայում նրա թողած հետքի պարագան: Շատերը կարող են ասել, որ Ռոբերտ Քոչարյանն իր հետեւից Հայաստանում թողել է մեծ ցատկերով զարգացող տնտեսություն, երկարամյա երկնիշ աճ, արտաքին պարտքի նվազում եւ այլն: Իսկապես, ասել, թե այդպիսի բան չի եղել, դա նույնն է, թե ասել, որ չի եղել մարտի 1: Բայց, ինչ է թողել Ռոբերտ Քոչարյանը դրանց կողքին: Լիովին քրեականացված իշխանա-քաղաքական համակարգ, ընտրակեղծարարության ինստիտուցիոնալացում, լիովին մոնոպոլացված եւ կլանայնացված տնտեսական համակարգ, երկրի նյութական եւ ֆինանսական ռեսուրսների գերկենտրոնացվածություն մի քանի ընտանիքների ձեռքում, բիզնեսի եւ իշխանության սերտաճվածության մակարդակի բարձրացում գրեթե ինստիտուցիոնալացված աստիճանի, քաղաքացիների շահի տոտալ ոտնահարում մի քանի մեծահարուստի եւ իշխանավորի անձնական շահի համար` պետության գերակա շահի անվան տակ, գործադիր իշխանությանը ենթակա դատական համակարգի բյուրեղացում, իշխանական դիրքի, դրա հետ կապված հարազատաբարեկամախնամիական կապի, փողի առկայությամբ պայմանավորված օրենքից վեր արտոնյալների խավի եւ այդ մշակույթի հաստատում: Հիմա այդ ամենը նժարի վրա դնենք եւ համեմատենք մի քանի սպանված կենդանիների հետ: Կենդանիներն իհարկե ափսոս են ամեն դեպքում, բայց դրա համար նախ պետք է պատասխան պահանջել գուցե նրանցից, ովքեր կազմակերպում են այդպիսի որսորդական հաճույքներ: Իսկ մասնակիցներից պարզապես պետք է պատասխան պահանջել այն կապակցությամբ, թե ինչ փողի շնորհիվ են կարողանում օգտվել այդ մեղմ ասած ոչ էժան հաճույքներից: Տվյալ պարագայում, ինչ խնայողությունների կամ ինչ եկամտի հաշվին է Քոչարյանների ընտանիքը հետնախագահական շրջանն անցկացնում այդպիսի ժամանցի ուղեկցմամբ: Իսկ թե ինչ սրտով, հոգեկան ինչ հանգստությամբ, հաշվի առնելով այն ծանրակշիռ “հետքը”, որ աֆրիկյան հետքի համեմատ թողել է Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում, դա արդեն խիստ անձնական խնդիր է, որի մեջ մտնելու ոչ իմաստ կա, ու ոչ էլ թերեւս իրավասություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Լուսանկարը` http://tanzaniabiggame.com

No comments: