Tuesday, June 29, 2010

Նախագահների մեսիջը Ադրբեջանին բանակցությունների սեղանին վերադարձնելու նպատակ ունի. Ռիչարդ Կիրակոսյան

Tert.am. 29-6-2010- Սա հստակ մեսիջ է՝ ուղղված ավելի շատ Ադրբեջանին, քան Հայաստանին։ Հայտարարությունը, չհաշված մանրամասները, արտահայտում է մտահոգություն և անհանգստություն, որ Ադրբեջանը հիմա լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը։ Այս մասին Tert.am–ին ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը։ Ըստ նրա, այդ մեսիջով համանախագահող երկրները փորձում են Ադրբեջանին վերադարձնել դիվանագիտական բանակցությունների սեղանի շուրջ։ «Իրականում այս կոնտեքստում մանրամասները կարևոր չեն, որովհետև ավելի մեծ խնդիրը հենց Ադրբեջանն է։ Ես համաձայն եմ արտգործնախարար Նալբանդյանի հետ։ Հետաքրքիր է նաև այն, որ Ադրբեջանը, թվում է, չի ուզում լսել այդ մեսիջը։ Նա դառնում է ավելի ագրեսիվ, և այս ամռանը մենք ավելի շատ այսպիսի հարձակումներ պետք է սպասենք»։ Այն հարցին, թե Հայաստանը լսո՞ւմ է այդ մեսիջը, Կիրակոսյանը պատասխանեց. «Հայաստանն ավելի քան երբևէ պատրաստ է շարունակել բանակցությունները, բայց այն պարագայում, եթե կա մեկը, որի հետ նա կարող է խոսել։ Դիվանագիտությունը կաշխատի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերադառնա սեղանի շուրջ»։ Կիրակոսյանն անդրադարձավ նաև Մինսկի խմբի գործունեությանը. «Մինսկի խումբը հաջողություն չի ունենա, մինչև գործընթացում տեղի չունենա ինչ-որ նոր բան, մինչև Ղարաբաղը չճանաչվի բանակցությունների կողմ»։

No comments: