Wednesday, June 30, 2010

ԻՐԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ

«Լրագիր» 30-6-2010- Վերջին շրջանում ինտենսիվ լուրեր են շրջանառվում, թե Իրանը ռազմական դրություն է մտցրել իր հյուսիս-արեւմտյան շրջաններում: Իսլամի պահապանների կորպուսի ջոկատներն ու տեխնիկան կենտրոնացված են Կասպից ծովի շրջանում եւ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաեւ, որ ԱՄՆ եւ Իսրայելի զինուժը կենտրոնացվել է Ադրբեջանի ռազմական օբյեկտներում` պատրաստ հարվածներ հասցնելու Իրանի միջուկային օբյեկտներին: Այս տեղեկությունները մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ղարաբաղյան քաղաքական վերլուծաբան Վահան Մամիկոնին: Նա նախ նշեց, թե Իրանի ու Ադրբեջանի հակասությունները հիմնականում գաղափարախոսական բնույթի են, ինչն արտացոլվում է Ադրբեջանում հակաիրանական, հակաիսլամական, ինչպես նաեւ պանթյուրքական տրամադրություններին: Այս փաստը չի կարող անտեսվել Իրանում: Որպես փաստարկ վերլուծաբանը մասնավորապես նշել է. “Ադրբեջանի որոշ շրջաններում գլխաբաց կանայք իրավունք չունեն գնումներ կատարել: Ադրբեջանի իշխանության թողտվության կամ ուղղակի աջակցության պայմաններում մեծ ծավալ է ընդունում վահաբիզմը եւ վահաբիստների թափանցումը երկիր: Տվյալ գործունեությունը ֆինանսավորում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը եւ միջազգային կենտրոնները: Համաձայն առկա տեղեկությունների, Ադրբեջանի տնտեսապես անկայուն շրջաններում զանգվածային բնույթ են ստացել վահաբիստների եւ տեղացիների ամուսնությունները: Ներկայում Ադրբեջանում առկա 1300 մզկիթներից 150-ը պատկանում է վահաբիստներին: Հունիսին Բաքվում տեղի է ունեցել Ազգային համերաշխություն կուսակցության նոր շենքի բացումը, որի կառուցումն արժեցավ 300 հազար դոլար: Կուսակցության ղեկավար Սաբիր Ռուստամխանլին հայտարարել է, թե նոր շենքում տեղակայվելու է նաեւ պանթյուրքական Բաքու-Թավրիզ ամսագրի գրասենյակը: Նման կազմակերպությունների գործունեությունը վերջին տարիներին հանգեցրել է Ադրբեջանում հասարակական մակարդակով հակաիրանական տրամադրությունների աճին”: Վահան Մամիկոնի խոսքով, Ադրբեջանում միաժամանակ իրականացվում է իրանական մշակութային արժեքների ոչնչացման ծրագիր: Կարելի է հիշել Բաքվում Ֆաթիմ Զահրա մզկիթն ավերելու փորձերը, որի շրջանակներում Ադրբեջանի ակզբում Վերաքննիչ, ապա Գերագույն դատարանը որոշում կայացրին քանդել այն, համարելով անօրինական կառույց: Այս ֆոնին ադրբեջանա-ամերիկյան եւ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը ստանում է այլ նրբերանգ: Վաշինգտոնն, անշուշտ, շահագրգռված է Ադրբեջանի տարածքից ռազմական եւ հետախուզական գործունեության հետագա զարգացման եւ խորացման, այստեղ ռազմական ենթակառուցվածքների ստեղծման մեջ: Հարցերի նման շրջանակը, ինչպես նաեւ Աֆղանստանում եւ Իրանում ռազմարշավում Ադրբեջանի դերը բանակցության առարկա են Ադրբեջանի ու ԱՄՆ միջեւ վերջին շրջանում: Հասկանալով ադրբեջանական ղեկավարության տնտեսական ու քաղաքական շահերը, այնուամենայնիվ, նա չի կարող ինքզինքը հաշիվ չտալ, որ տվյալ ակտիվությունը ծավալվում է Իրանի սահմանին, նշել է վերլուծաբանը: Եւ չնայած նրան, որ հայաստանում Իրանի դեսպանը իր վերջին ասուլիսում նշել էր, թե Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ոչ ռեգիոնալ երկրների ռազմուժի տեղակայումը, վերլուծաբանը հույս է հայտնել, որ պատասխանատուները, ովքեր զբաղվում են Իրանի ռեգիոնալ քաղաքականությամբ, ուշադրություն կդարձնեն նաեւ նաեւ այլ բարձրացված խնդիրների ու հարցերի, որոնց պատասխանի բացակայության պայմաններում դժվար է խոսել ռեգիոնում խաղաղության մասին: Վահան Մամիկոնը հիշեցրել է նաեւ Իսրայելի ու Ադրբեջանի առանձնահատուկ հարաբերության, Խաղաղության տորմիղի միջադեպի կապակցությամբ վերջինիս մի կողմ քաշվելու ցանկության մասին, երբ միայն Թուրքիայի ճնշումը ստիպեց Բաքվին արտահայտվել: Ադրբեջանի հայտարարությունը որեւէ լուրջ հետեւանքներ չունեցավ ադրբեջանա-իսրայելական հարաբերության վրա: Եւ առաջանում է բավական հետաքրքիր հարց` այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ էր Իսրայելի հետ, թե ոչ:

No comments: