Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ հաստատակամ է հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությանը, ներառյալ այդ նպատակով ուղղակի բանակցություններին: Այդ մասին ասված է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2009թ. ծրագրում, որ օրերս գաղտնազերծել է հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ծրագիրը կետ առ կետ անդրադառնում է Հայաստանի խնդիրներին, քաղաքական, անվտանգության, հարեւանների հետ հարաբերությունների, ժողովրդավարության եւ այլն:
Եվրոպական եւ Եվրոատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ համագործակցության խորացում բաժնի ենթաբաժնում արձանագրված է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եվրոպական քաղաքական, տնտեսական եւ հասարակական կառույցներին ու հաստատություններին հետագա ինտեգրումն է: Հայաստանը նաեւ մտադիր է աշխուժացնել գործնական եւ քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` Դաշինքին ավելի մերձենալու նպատակով»:
Անդրադառնալով հարեւանների հետ հարաբերություններին՝ ԱԳԳԾ-ն նշում է, թե «Հայաստանը ցանկանում է նպաստել Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը եւ հաստատակամ է կառուցողական աշխատանք տանել իր հարեւանների հետ հարաբերությունների զարգացման եւ բարելավման ուղղությամբ»:
«Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ լիովին աջակցում է այդ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ հաստատակամ է հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությանը, ներառյալ այդ նպատակով ուղղակի բանակցություններին»,- նշված է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ում:
Ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասով, ծրագիրն արձանագրում է, որ «Հայաստանը հաստատակամ է հետագա առաջընթաց ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, թափանցիկության, մամուլի ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Հայաստանը մտադիր է ամրապնդել ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացները` միջազգայնորեն ճանաչված չափանիշներին լիովին համապատասխանելու նպատակով: Այդ նպատակով Հայաստանը Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության, ԵԱՀԿ եւ այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ հետամուտ է լինելու քաղաքական, դատական, ընտրական բարեփոխումների համապարփակ փաթեթի իրագործմանը»: Հայաստանը մտադիր է նաեւ զարգացնել եւ ամրապնդել Զինված ուժերի ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողությունը:
«Պայքար ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ, կիբեր-պաշտպանություն» ենթաբաժնում արձանագրված է, որ Հայաստանը հաստատակամ է հզորացնել ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի իր կարողությունները: «Հայաստանը, նաեւ մտադիր է հզորացնել իր կարողությունները ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության առաջացրած հետեւանքների կառավարման նպատակով: Հիմնվելով այս բնագավառում ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության վրա` Հայաստանը պատրաստ է ավելի ակտիվորեն ներգրավվել համապատասխան ծրագրերի եւ միջոցառումների, հատկապես Ահաբեկչության դեմ պայքարի գործընկերության գործողության ծրագրի, ներառյալ համապատասխան հետախուզական տեղեկատվության փոխանակումը, իրականացման գործընթացում»,- ասված է փաստաթղթում:
Նույն ոգով փաստաթղթում նշված են նաեւ տնտեսական զարգացման, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության եւ այլ կարեւարգույն խնդիրների մասին:
Tuesday, July 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment