Monday, July 12, 2010

Zaman. Թուրքիայի ԱԳՆ-ը հայ-թուրքական սահմանի բացման պատրաստություն է տեսնում

News.am. 12-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Կովկաս կատարած այցից հետո Թուրքիայում ավելանում են սպասումները հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Քլինթոնի այցով տարածաշրջանում աշխուժություն նկատվեց։ Առաջիկայում թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարման ուղղությամբ զարգացումներ են սպասվում։ Չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորող արձանագրությունները դեռ չեն վավերացվել, Թուրքիայի ԱԳՆ-ը հարցում է ուղարկել Կարսի նահանգապետարան՝ ճշտելու, թե սահմանի բացումը օրակարգ գալու դեպքում, որքան ժամանակ կպահանջվի նախապատրաստական աշխատանքների համար։ Կարսի նահանգապետարանը արդեն պատասխանել է հարցմանը՝ նշելով, որ ամենաշատը 45 օրում կավարտվեն այդ նախապատրաստական աշխատանքները։ Թե ի՞նչ հարցում է արել արտգործնախարարությունը՝ հարցին Թուրքիայի ԱԳՆ լրատվության բաժնի ղեկավար Յասեմին Էրալփը հստակ չի պատասխանել՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով այն։ Հայերի համար մեծ արժեք ներկայացնող Վանի Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին սեպտեմբերի 19-ին վերաբացվում է կրոնական արարողությունների համար։ Կան պնդումներ, թե Թուրքիան, որպես բարի կամքի դրսեւորում, նախատեսում է այդ օրը ժամանակավորապես բացել հայ-թուրքական սահմանը, գրում է թուրքական Zaman-ը։

No comments: