Tuesday, September 21, 2010

Քաղաքական վերնախավն ամեն ինչ արեց, որ անկախությունը չարժևորվի. Տիգրան Պասկևիչյան

Tert.am. 21-9-2010- Անկախության 19 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական վերնախավն արեց ամեն ինչ, որ անկախությունը չարժևորվի։ Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։
«Անկախության գաղափարն առաջին հերթին պետք է արժևորվեր ազատության և ժողովրդավարության գաղափարների ընկալումով։ Բայց այս տարիների փորձը ցույց տվեց, որ մեր պարզ, հասարակ ժողովուրդը շատ լավ ընկալում է և՛ ազատությունը, և՛ ժողովրդավարության անհրաժեշտությունը, մինչդեռ վերնախավը, նկատի ունեմ ոչ միայն զուտ քաղաքական գործիչներին, այլև մտավորականներին, հասարակական գործիչներին, թաքնվելով ազգային խնդիրների հետևում, ամեն ինչ արեց, որ ազատության և ժողովրդավարության միջոցով չարժևորվի մեր երկրի անկախությունը»,– ասաց Տիգրան Պասկևիչյանը, միաժամանակ, նշելով, որ այսօր տոն է, և ինքը չի ցանկանում խոսել խնդիրների մասին։
Հրապարակախոսը նկատեց, որ նորանկախ Հայաստանի 19 տարիներին միշտ էլ ժողովուրդը դուրս է եկել իր իրավունքների, ազատության համար պայքարի, բայց նրան միշտ կանգնեցրել են։ «Դրա համար եմ ես շնորհավորում մեր հասարակ, պարզ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ», – նշեց Տիգրան Պասկևիչյանը։

No comments: