Saturday, September 4, 2010

ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

«News.am», 04.09.10: Անկարա ժամանած ԱՄՆ զինուժերի գլխավր շտաբի պետ Մայքլ Մալենը սեպտեմբերի 3-ի երեկոյան հանդիպել է Թուրքիայի իր գործընկեր Ըշըք Քոշաների հետ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետը ամերիկացի գեներալին դիմավորել է զինվորական հանդիսավորությամբ: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կայքում տեղադրված հայտարարության համաձայն` ամերիկացի բարձրաստիճան զինվորականը այցելել է իր թուրք գործընկերոջը` շնորհավորելու նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական եւ տարածաշրջանային խնդիրներ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելչուք Ունալի, ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի Թուրքիա այցը կրում է զուտ ճանաչողական բնույթ։ «Ամերիկացի գեներալի այցը որեւէ հատուկ օրակարգ չի ներառում, նա պարզապես, Պակիստանից հետո նախընտրեց լինել նաեւ Թուրքիայում»,- նշել է Ունալը: Իսկ ահա թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ամերիկացի գեներալի օրակարգում է լինելու Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը, Աֆղանստանի եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները: Անդրադառնալով Իրաքից ամերիկյան ուժերի՝ Թուրքիայի վրայով անցնելու խնդրին, Ունալն ասել է. «ԱՄՆ-ը Թուրքիային չի դիմել զինտեխնիկայի տարանցիկ փոխադրման համար, իսկ սովորական տեխնիկական միջոցների փոխադրման հարցում թուրքական կողմը հայտնել է իր դրական մոտեցումը:

No comments: