Monday, September 6, 2010

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ահաբեկչական–դիվերսիոն գործողություններ են. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` իր խոսքում նախագահը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ և դրա համար ոչինչ չի խնայվի:

Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձր պահել նաև զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ:

Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար և ընդգծել, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է: «Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,-ասել է նախագահը:

Նա բարձր է գնահատել Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը:

Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգևներ:

No comments: