Wednesday, September 22, 2010

Էրդողանի կողմնակից. Հայաստանի հետ սահմանը չի բացվի

News.am. 22-9-2010- Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողքին: Այդ մասին հայտարարել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հալուք Իփեքը ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով տեղեկությունը, թե «Թուրքիայում այս կամ այն պաշտոնատար անձինք հանդես են գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին», պատգամավորը հայտարարել է. «Թուրքիան փակել է սահմանը, որովհետեւ Հայաստանը օկուպացրել է այլ երկրի տարածքը: Օկուպացիան չի դադարեցվել, հետեւաբար Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ահա եւ վերջ»:
Նա նաեւ հիշեցրել է Թուրքիայի վարչապետի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում եւ նրա խոսքերը, թե «մինչեւ զավթած տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը Անկարան Հայաստանի հետ սահմանը չի բացելու»: «Սակայն որոշ ուժեր շահարկում են այդ թեման՝ նպատակ ունենալով փչացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993-ից:

No comments: