Monday, September 20, 2010

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՇԱՆՍԸ

«Լրագիր» 20-9-2010- Հայաստանի զինված ուժերում արձանագրված միջադեպի մասին հայտնի հոլովակի ի հայտ գալուց հետո որքան շատ էին զայրացողները, այդքան էլ թերեւս բավականաչափ էին մարդիկ, ովքեր համարում էին, որ տեղի ունեցածը մի դավադրություն է բանակի, պետության դեմ: Առաջիններից մեկը դա ասում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նշելով, որ նման բան չէր կարող լինել բանակում եւ դա սարքովի դավադրություն է, ինչպես ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր առաջինը հայտարարում, որ Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել, ոչ թե բռնության է ենթարկվել ու սպանվել:
Բայց, բանակի գործը կարծես թե այլ ընթացք է ստանում, քան Վահան Խալաֆյանինը: Եթե Խալաֆյանի պարագայում գործի ընթաքում ամեն ինչ անում են, որպեսզի հաստատվի հենց ինքնասպանության վարկածը, ապա բանակի պարագայում “դավադրության” վարկածը կարծես թե չի հաստատվում, եւ ի հայտ է գալիս հոլովակի “հերոս” սպան, ով բռնություն է գործադրում զինվորների հանդեպ: Թեեւ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի նշել սպայի ով լինելը, այդուհանդերձ պաշտոնապես հայտարարվել է, որ հոլովակի “հերոսները” հայտնաբերվել են: Նույնիսկ մամուլին արդեն հայտնի է անունը այդ սպայի, ինչը այս նյութի շրջանակում այդքան էլ էական չէ:
Էականն այն է, որ սպան հայտնաբերվել է: Դա իհարկե որեւէ բարդություն չէր ներկայացնի եւ այսպես ասած ուչաստկովիի մակարդակի գործերից էր երեւի, քանի որ կար հոլովակը, կար ձայն, կային դեմքեր, եւ կան ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն տալիս են բավական աղոտ պատկերներից ստանալ հստակ պատասխաններ: Մի խոսքով, ցանկության դեպքում գործը լիովին բացահայտելի էր, եւ այստեղ էականն այդ ցանկության արտահայտությունն է: Իհարկե, դեռ հայտնի չէ, թե պաշտպանության նախարարությունը ինչպես կմատուցի դեպքը: Պետք չէ բացառել, որ կասեն, թե սպան պարզապես քշում էր ասենք զինվորի ականջներին նստած ճանճը: Հնարավոր է նաեւ, որ ասեն նույնիսկ, թե զինվորներն են սպայի վրա բռնություն գործադրել, հարբացրել նրան, եւ երբ նա դարձել է անկառավարելի, ստիպել են հարվածել իրենց:

Հայաստանում ամենեւին էլ նոր չէ պրակտիկան, երբ կարող են հանցանքը շուռ տալ եւ մեղավորին պատժելու փոխարեն պատժեն իրականում տուժող մարդուն: Ի վերջո, դեռ թարմ է Աշտարակի դեպքը, երբ մարդու դստերը բռնաբարել է ինչ որ մի տականք, իսկ քննիչները ծեծում են այդ բռնաբարվող աղջկան եւ ստիպում, որ նա ասի, թե հայրն է իրենց բռնաբարել, հետո ծեծում են հորը, որ նա խոստովանի, թե բռնության է ենթարկել հարազատ դստերն ու բռնաբարել: Այնպես որ, Հայաստանի իրավապահ եւ իրավապահպան համակարգում ամեն ինչ հնարավոր է: Բայց, հանգամանքը, որ “դավադրության” վարկածը հաստատելուն ուղղված գործողությունների փոխարեն զինուժի հրամանատարությունը գնացել է սպային հայտնաբերելու ճանապարհով, խոսում է որոշակի նոր իրավիճակի մասին:

Ի՞նչ է դա: Հայաստանի բանակի ղեկավարությունը, ավելի կոնկրետ նախարար Սեյրան Օհանյանը, հասարակական մեծ արձագանքի ճնշման տակ փորձում է ցույց տալ, որ ինքը սկզբունքային է եւ կգերադասի իր խոսքի վրայով անգամ անցնել ու հայտնաբերել մեղավորի՞ն, քան թե առաջնորդվել “ասվել է դավադրություն է, ուրեմն դավադրություն է” ավանդույթով, թե՞ պարզապես Սեյրան Օհանյանը զգում է, որ բանակում առկա միջադեպերի քարոզչական բացասական ֆոնը կամա թե ակամա, անկախ ամեն ինչից որոշ մարդիկ փորձելու են օգտագործել իր դեմ, ու այդ պարագայում հակազդելու լավագույն միջոցը բացահայտումների ճանապարհով գնալն է: Այսինքն, գուցե Սեյրան Օհանյանը բացահայտումների գնում է ոչ թե ճշմարտության հետեւորդ եւ սկզբունքային լինելու, այլ պարզապես ինքնապաշտպանության այլ ելք չտեսնելու պարագայում: Դա թերեւս ռացիոնալ մոտեցում է, որը բխում է թե Սեյրան Օհանյանի, թե հասարակության, թե բանակի, թե ընդհանրապես պետության շահից:

Թեկուզ բացահայտումները լինեն զուտ անձնական անվտանգության շարժառիթով, միեւնույն է, դա արդեն իսկ դրական իրողություն է: Բայց խնդիրն այն է, որ միգուցե այդ բացահայտումների ճանապարհին հաստատուն կանգնելու շնորհիվ ամրացնելով իր դիրքը հասարակության վստահության մթնոլորտով, Սեյրան Օհանյանը փորձի ոչ թե շարունակել այդ ճանապարհով մինչեւ վերջ, այլ կեսից ավելի ամուր թիկունք ունենալով անցնել Հայաստանի իշխանական համակարգի համար ավանդական ստվերային պայմանավորվածությունների ճանապարհին: Այդուհանդերձ, դրա էֆեկտը շատ կարճ կլինի, քանի որ այդ ճանապարհին անցնելը նշանակում է նորից հայտնվել հենց դրանից եկող քարոզչական գրոհների վտանգավոր հեռանկարի առաջ: Իսկ այդ հեռանկարը վաղ թե ուշ նորից է Սեյրան Օհանյանի առաջ կանգնելու փաստի կարգավիճակով: Դրա համար էլ Սեյրան Օհանյանին թերեւս պետք է բացահայտման ճանապարհով գնալ մինչեւ վերջ, քանի որ միայն այդպես կկարողանա պաշտպանել ինքն իրեն` ընդ որում անկախ նրանից, թե արդյոք կմնա նախարարի պաշտոնին, թե պաշտոնանկ կարվի իքս պահի, եւ թե բանակի հեղինակությունը կպաշտպանի նա այդ ճանապարհով մինչեւ վերջ գնալու դեպքում, ցույց տալով, որ տականքը հայկական բանակում չի մնում անպատիժ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: