Monday, September 6, 2010

Հայրենակցական միությունները կոչ են անում չմասնակցել Սուրբ խաչ եկեղեցու պատարագին

Հայրենակցական մի շարք միություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հայությանը չմասնակցել սեպտեմբերի 19–ին Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք արարողությանը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Հայրենակիցներ, ս. թ. սեպտեմբերի 19-ին թուրքական իշխանությունները նախատեսել են խաչ տեղադրել /24 ժամով, թե մշտապես` դեռ հայտնի չէ/ Վանա լճի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու վրա։ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանից ժամանած եկեղեցականները նշված օրը մատուցելու են պատարագ։

Այդ ամենը ներկայացնելով որպես բարի կամքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ, թուրքական կողմը քարոզչական լայն կամպանիա է ծավալել, որպեսզի հազարավոր հայերի, տարբեր տվյալներով` 5-6 հազ. մարդ, ներգրավի հիշյալ միջոցառմանը։ Լուրեր են շրջանառվում, թե այդ նպատակով, 3 օրով բացվելու է հայ-թուրքական սահմանը` հեշտացնելու համար հայ ուխտագնացների ժամանումը Վան։ Թուրքական կողմը խոստանում է նաև, որ ժամանող հազարավոր հայերը հյուրանոցային որևէ դժվարության չեն հանդիպելու Վանում։ Մի խոսքով, արվում է ամեն ինչ` ապահովելու համար ուխտավորների հոծ զանգվածի ներկայությունը սեպտեմբերի 19-ի միջոցառմանը։

Իրականում ամեն ինչ այլ է։ Հեռագնա նպատակներ հետապնդող այդ քայլով թուրքերն ուզում են իրագործել մի շարք ետին մտքեր, որոնք իրենց խորքում հայավնաս են։

Դրանով Թուրքիան ձգտում է նախևառաջ բարելավելու, իր որպես «քաղաքակիրթ» և «դեմոկրատ» երկրի կերպարը Արևմուտքի աչքում.

- տորպեդահարելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման երկարատև և դժվարին գործընթացը։

- ապակոնսերվացնելու իր իսկ, թուրքական կողմի մեղքով 2009թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սառեցված, եթե ոչ ձախողված գործընթացը և դրանով իսկ միջամտելու արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին։

- ուժեղացնելու Եվրոմիություն մտնելու ջանքերը։ Ամրապնդելու իր դիրքերը Եվրոխորհրդում, այն դարձյալ հայավնաս նպատակներով օգտագործելու համար / Չավուշօղլուի հետ կապված միջադեպը/։

«Սեպտեմբերի 19-ով» թուրքական կողմը նաև աններելի ոտնձգություն է կատարում հայ ժողովրդի և հայ հավատացյալ մարդու ազգային-կրոնական պատկերացումների ու զգացումների նկատմամբ։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու խաչը սրբագործված է ոչ միայն սուրբ մեռոնով, այլ նաև վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսված ու նահատակված բազում տասնյակ սերունդների հարյուր հազարավոր հայորդիների թանկ արյունով։ Եվ հենց այդ պատճառով Սուրբ Խաչը չի կարող խաղալիք լինել օտարի ձեռքում, որպեսզի նա ուզած ժամանակ այն հանի և ապա տեղադրի Աղթամարի հազարամյա տաճարի գմբեթին…և դարձյալ հանի։

Այն, ինչ Թուրքիան փորձում է ներկայացնել որպես բարեգործություն հայ եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ, միջազգային իրավունքի տեսակետից լոկ պարտականություն է, որն այդ երկիրը ստանձնել է 1923թ. Լոզանի պայմանագրով։ Ընդ որում, Թուրքիան այդ պարտականությունը կատարում է խիստ անբավարար և շատ ուշացած։

Ոչ հեռու ապագայում, ընդամենը չորս և կես տարի անց, 2015թ. համայն հայությունը նշելու է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը։ Դիմագրավելու համար այդ առթիվ սպասվող հակաթուրքական ալիքին, որը կարող է և ցունամիի վերաճել, Թուրքիան այսօրվանից ձեռնարկում է հակամիջոցներ, որոնցից մեկն էլ անշուշտ «Սեպտեմբերի 19-ի» շոուն է լինելու։

Վերջապես, «Սեպտեմբերի 19-ի» «նվերի» համար, Թուրքիան հայկական կողմից անպայմանորեն պահանջելու է բավական թանկ փոխհատուցում։

Այդ ամենը նկատի ունենալով, կոչ ենք անում իրենց ազգային և կրոնական արժանապատվությունը հարգող ամեն մի հայի, լինի նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արևմտահայ, թե սփյուռքահայ, որպեսզի նա չայցելի Աղթամար և չդառնա գործիք օտարի ձեռքում` սեպտեմբերի 19-ի անմաքուր և հայավնաս խաղում։

Մենք կոչ ենք անում յուաքանչյուր հավատացյալ հայի` տարբերել ճշմարիտ հավատը կարծեցյալ-գովազդային հավատից, իրական խոնարհումը և երկրպագությունը Խաչին` կարծեցյալ-գովազդային խոնարհումից ու երկրպագությունից, իրական ազգային շահը` կարծեցյալից։

Մենք կոչ ենք անում համայն հայությանը, միավորելու ջանքերը` քողազերծելու և արժանի հակահարված տալու «Սեպտեմբերի 19-ի» թուրքական էժանագին շոուին, որ իր խորքի մեջ իրականում քաղաքական սադրանք է ` ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

2010թ. սեպտեմբերի 19-ը հայության համար պետք է դառնա հավատի, գիտակցության և արժանապատվության քննության օր և այդ քննությունը մենք պարտավոր ենք հանձնել պատվով։

Երիցս ոչ «Սեպտեմբերի 19-ին»։

No comments: