Saturday, October 30, 2010

Կարևորվել է հայ-իսրայելական հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում

Tert.am.29-10-2010- Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում` ի նպաստ Հայաստանի և Իսրայելի միջև արդյունավետ համագործակցության:
Դեսպան Շմուել Մևրոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ ամեն ինչ կանի երկու երկրների հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ յուրաքանչյուր ոճրագործություն, ցեղասպանություն պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի հետագայում բացառվի այդօրինակ հանցագործությունների կրկնությունը: Հայաստանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ և վստահ է, որ կարողանալու է վերականգնել պատմական արդարությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, զրուցակիցները կարևորել են միջպետական հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում և մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծման և փոխայցելությունների միջոցով միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:

No comments: