«Լրագիր» 28-10-2010- Քաղաքագետ Իգոր Մուրադյանը հոկտեմբերի 28-ին խոսելով Աստրախանում տեղի ունեցած հայ-ռուս-ադրբեջանական նախագահական հանդիպման մասին, ասել է, որ դրա իմաստը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ընդհանրապես ինչ վիճակ է միջազգային ասպարեզում: Նրա խոսքով, տարածված է կարծիք, որ ԱՄՆ որոշակի դադար է վերցրել արտաքին քաղաքականության շատ ուղղություններով, որոնց մի մասը նկատելի է, իսկ մյուսը`ոչ:Հարավային Կովկասում, ըստ Իգոր Մուրադյանի, դադարը նկատելի է: Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ համար կարեւոր նպատակն Աֆղանստանն է, որից կարեւորն էլ սակայն կա` զսպել Չինաստանին, Հնդկաստանի հետ ալյանս կազմել: Կովկասը այդ առումով դուրս է մնում ԱՄՆ ակտիվության շրջանակից, որովհետեւ չկա իրավիճակային շահ, ասում է Իգոր Մուրադյանը:
Միեւնույն ժամանակ, Իգոր Մուրադյանն ասում է, որ ԱՄՆ չի կարող Կովկասի հանդեպ ռազմավարական հետաքրքրությունը նվազեցնել, քանի որ վարում է Չինաստանի շրջափակման ակտիվ քաղաքականություն, իսկ այդ առումով Կովկասը ամերիկացիների համար նույնքան կարեւոր է, որքան այլ հարակից տարածաշրջանները: Ըստ նրա, Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ չի կարող լքել տարածաշրջանը եւ նրա դադարը ժամանակավոր բնույթ ունի, եւ փորձում է հնարավորինս արագ օգտվել այդ դադարից: Իգոր Մուրադյանը հենց այդ համատեքստում է բացատրում Ռուսաստանի ակտիվությունը Ղարաբաղի հարցում, եռակողմ հանդիպումների շարքը, որոնց մի օղակն էլ Աստրախանն էր:
Միեւնույն ժամանակ, քաղաքագետը նշում է, որ ԱՄՆ Ռուսաստանի հանդեպ մեծ առավելություն է հաստատել տարածաշրջանում, քանի որ Հարավային Կովկասի բոլոր երկրներն էլ ներգրավված են ԱՄՆ արտաքին քաղաքականության տիրույթ: Ըստ քաղաքագետի, կովկասյան հանրապետությունները հասկանում են, որ Ռուսաստանն առանց ԱՄՆ անկարող է ապահովել տարածաշրջանային անվտանգություն:
Ռուսաստանի ակտիվության նպատակը, ըստ Իգոր Մուրադյանի, այն է, որ հակամարտող կողմերին դուրս բերի համաձայնագրի ստորագրման եւ այդպիսով դուրս մղի Մինսկի խմբին, այսինքն ամերիկացիներին: Դա սակայն անլուծելի խնդիր է, կարծում է Իգոր Մուրադյանը, նշելով, թե Ռուսաստանը կողմերին առաջարկում է խիստ սահմանափակ խաղաղարարություն, պատերազմի կանխարգելում:
Քաղաքագետի խոսքով, տպավորություն է, որ Աստրախանում ոչ թե նախագահներն են հանդիպել, այլ ինչ որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նա ասում է, որ Աստրախանի հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակը կարող էր քննարկվել ընդամենը այդօրինակ կազմակերպությունների մակարդակով:
Իգոր Մուրադյանի խոսքով, Աստրախանի հանդիպումը վկայում է, որ Մեդվեդեւը ստորագրեց այն բանի տակ, որ Ռուսաստանը փորձել է անել հնարավորը, սակայն չի կարողացել անել ոչինչ: Իգոր Մուրադյանը դատարկաբանություն է համարում Մեդվեդեւի հայտարարությունը, թե լավ աշխատելու դեպքում դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ Վեհաժողովում հնարավոր է համաձայնություն հիմնարար սկզբունքների շուրջ:
Քաղաքագետը նշում է, որ ներկայիս քաղաքական դասի բառապաշարով ասած` «տղան հաբռգել է», եւ կարծում է, թե իրավիճակի տերն է: Մինչդեռ ոչ մի իրավիճակ էլ չկա, ասում է Իգոր Մուրադյանը: Միեւնույն ժամանակ նա նշում է, որ խաղն ակնհայտորեն ընթանում է Ադրբեջանի վրա, քանի որ Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի մասով բոլոր հարցերը համարում է լուծված, քանի դեռ այստեղ իշխում է ներկայիս վարչակարգը: Նրա խոսքով, փորձում են Ադրբեջանի հետ ինչ որ հարցեր լուծել, Հայաստանին ցույց տալով, որ ելք չունի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment