Monday, November 1, 2010

Թուրքիան Հայասատանի նկատմամբ վերաբերմունքը փոխել է. քաղաքագետ

Tert.am. 1-11-2010- Թուրքիան Հայաստանի նկատմամբ սկսել է հատաքրքիր քաղաքականություն վարել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից Հայաստանին հանելու վերաբերյալ տեղեկատվությանը։
«Հիշո՞ւմ եք Սուրբ խաչի գմբեթին խաչ տեղադրելու պատմությունը։ Բոլորն ասում էին՝ չի տեղադրվի խաչը։ Բայց ես ասում էի՝ գմբեթին խաչ կդնեն։ Թուրքիայի քաղաքականությունն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն է ուղղված։ Դա չի նշանակում, որ սկսել են սիրել հայերին, պարզապես փոխվել է քաղաքականությունը»,- ասաց քաղաքագետը՝ ցավով նշելով, որ այդ երկրի ղեկավարությունն իր մեջ ուժ չգտավ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու համար։
Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ Թուրքիան չի կարող Ռուսաստանի և Իրանի հետ սերտացնել համագործակցությունը՝ արհեստականորեն անտեսելով Հայաստանին։ Ըստ նրա՝ փոխվել է նաև Թուրքիայի վերաբերմունքը այնտեղ ապրող հայերի նկատմամբ, քանի որ Եվրամիության անդամ դառնալու ցանկություն ունեցող Թուրքիան չի կարող չհարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները։
Ստեփան Գիրգորյանը նաև նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունն արդեն այնտեղ այցելած հայ փորձագետներին թույլ է տալիս այցելել թուրքական համալսարաններ։ Դա քաղաքագետը մեծ առաջընթաց է համարում։ Նրա խոսքով՝ կան հարցեր, որոնց շուրջ Թուրքիան և Հայաստանը ընդհանուր շահեր ունեն։ Քաղաքագետը հիշեցրեց, որ Թուրքիան Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թվում է, այսօր էլ պաշտոնապես օգնում է Աբխազիային այն դեպքում, երբ համարվում է Վրաստանի ռազմավարական գործընկերը։ Սա նշանակում է, որ Թուրքիան ևս կողմ է ազգերի ինքնորոշման սկզբունքին։ «Հասկանում ենք, որ կա Ադրբեջանի խնդիրը, Թուրքիան երբեմն խաղեր է տալիս։ Բայց ընդհանուր առմամբ մեր շահերը համընկնում են»,- ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ ոչ թե գերտերությունների միջոցով պետք է լուծվեն հայ-թուրքական հարցերը, այլ երկու երկրներն իրենք պետք է գնան այդ հարցի լուծման ճանապարհով։ ԱՄՆ Կոնգրեսն, ըստ Գրիգորյանի, կարող է 10 անգամ էլ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, բայց չճանաչել այն։ Դա փաստում է, որ գերտերությունները շահարկում են այս հարցը՝ հարկ եղած դեպքում Թուրքիային ճնշելու համար։

No comments: