Monday, November 15, 2010

ԻՆՉՊԵ՞Ս Է, ՈՐ ԱՅԴ ԶԶՎԵԼԻՆԵՐԻՆ ՉԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության 2010 թվականի նոյեմբերի 14-ի Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակներում

Նոյեմբերի չորսին` կառավարության նիստի ընթացքում, վարչապետի ներածական խոսքն ըստ էության հայտարարություն էր այն մասին, որ ՀՀ քաղաքական դաշտում ամենակոռումպացվածը կոալիցիոն կուսակցություններն են: Չնայած այդ օրը հայտարարվեց չորս ոլորտների մասին, սակայն ամենատարրական վերլուծությամբ կարելի է ցույց տալ կոռուպցիայի շղթան, որը շուրջ քսան տարի է քաղցկեղի մետաստազների նման քայքայում է մեր նորանկախ պետության խարխուլ հիմքերը: Ովքե՞ր են պատասխանատու այս ախտի համար. պատասխանը մեկն է` նախկին եւ ներկա իշխանությունները ներկայացնող այն պաշտոնյաները, ովքեր, գրավելով իշխանության ղեկը, այն ծառայեցրել են սեփական շահերի համար:

ՀՀ նախագահը մարդկանց այդ տիպին որակել է զզվելի, սակայն ո±րն է պատճառը, որ այդ “զզվելիներին”, անգամ Վերահսկիչ պալատը հարյուր միլիոնավոր դրամի գողոնը ձեռքին բռնելուց հետո ոչ միայն չեն ձերբակալում, այլեւ անգամ պաշտոնից չեն ազատում, իսկ պետության բյուջե է վերադարձվում գողոնի միայն չնչին մասը: Միգուցե պատճառն այն է, որ նրանք իշխող կոալիցիոն կուսակցությունների անդամներն են, ովքեր, ընտրությունների ժամանակ չխնայելով հսկայական նյութական միջոցներ, տարատեսակ կեղծիքներ, անգամ բանացնելով բիրտ ուժ, վերարտադրում են գործող իշխանությունը եւ որպես պարգեւ` ստանում երկիրը հերթական 5 տարին անպատիժ թալանելու իրավունք: Ահա մի փակ շղթա, որից երրորդ հանրապետության ծննդյան ժամանակաշրջանից սկսած` իշխանություններին եւ մեր պետությանը դուրս գալ չի հաջողվում, բայց որը, սիրելի համաքաղաքացիներ, պետք է, վերջապես, միասին կոտրենք:

Նախկին պետական բարձրաստիճան չինովնիկի, համատեղությամբ օլիգարխի, տանը մի քանի հազար դոլարի գողություն անողներին ձերբակալում են եւ 8-10 տարով բանտարկում, իսկ նույն այդ օլիգարխին, որը պետական բյուջեն թալանելով միլիարդներ է դիզել, ոչ ոք չի էլ պատրաստվում պատժել: Ու երբ լսում եմ, թե ինչպես են երկրի նախագահը կամ վարչապետը իբր կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարկացած հայտարարություններ անում, կարո±ղ եմ ես ու մեր մյուս շարքային քաղաքացիները հավատալ նրանց: Սա ինձ համար հնչում է ավելի շուտ որպես խոստովանություն, երբ իշխանությունն ասում է, որ Հայաստանի ամենակոռումպացվածը կոալիցիոն կուսակցություններն են, որոնք կամ ի զորու չեն պայքարելու իրենք իրենց կոռումպացվածության դեմ, կամ չունեն նման իրական որեւէ ցանկություն: Միեւնույն ժամանակ կոալիցիոն իշխանության երկու ուժերն էլ այսօրվանից հայտարարում են, որ հաջորդ ընտրություններից հետո իրենք մեծամասնություն եւ քաղաքական իշխանություն են ձեւավորելու: Այսինքն ի՞նչ, նորի՞ց են պատրաստում կեղծել ընտրությունները, նորի՞ց են պատրաստվում քաղաքացու գրպանից գողացած միլիարդների չնչին մասը ուղղելով զանազան, այսպես կոչված բարեգործությունների եւ այլ ընտրակաշառքների, վերարտադրվել:

Թույլ չենք տալու: Մենք թշնամու հետ պատերազմը դեռ չավարտած երկրում ենք ապրում, եւ ազնիվ, անկաշառ ու հայրենասեր ուժերի իշխանության գալուց է կախված արդեն ոչ թե լոկ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, այլեւ մեր բոլորի տարրական անվտանգությունը:
«Լրագիր» 15-11-2010

No comments: