Wednesday, November 3, 2010

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը

ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը հեռանկար չունի: Այս մասին հայտարարվել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ու Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում: Հիշեցնենք` Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան:
Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԱԽ լրատվական կենտրոնից, Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի և Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:

Տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում կողմերը կարեւորել են երկխոսությունը, ընդգծել առկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի` հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, եւ այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ:

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելի ենք համարում մի կողմից` բանակցելու, մյուս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարությունը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլև` անընդունելի է միջազգային հանրության կողմից:

Ստանիսլավ Կոզիեյը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը և հույս հայտնել, որ առաջիկայում կարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը:

No comments: