Friday, November 19, 2010

Ինչո՞ւ է ՆԱՏՕ–ի ԽՎ–ից հանվել հակահայկական բանաձևը. պարզաբանել է Կարեն Ավագյանը

Tert.am. 18-11-2010- ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանն ու պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Վեհաժողովում քննարկված հարցերը։
Ըստ Կարեն Ավագյանի՝ Ղարաբաղին վերաբերող բանաձևը հանվել է Վեհաժողովի օրակարգից` հաշվի առնելով Հայաստանի կտրուկ դիրքորոշումը, Ադրբեջանի առաջարկը` կապված այդ երկրում տեղի ունեցող ընտրությունների հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համապատասխան առաջարկը: Բանախոսի գնահատմամբ` եթե անգամ քննարկվեր այդ բանաձևը, ոչ մի խնդիր չէր կարող առաջանալ, քանի որ հայկական պատվիրակությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ ունի իր հստակ դիրքորոշումը:
Ավագյանի գնահատմամբ` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր քննարկումներն էլ ընթանում են միջազգային երեք կարևոր սկզբունքների հաշվառումով: «Ազգերի ինքնորոշման իրավունքի գործոնի ակտիվացումը միջազգային քննարկումներում մեր արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներից է»,– նշել է Ավագյանը։
ՀՀ ԱԺ լրատվական ծառայության հաղորդմամբ, Ստեփան Սաֆարյանը նշել է, որ ղարաբաղյան հարցին վերաբերող բանաձևը չքննարկելու պատճառներ կարող էին լինել ինչպես եռակողմ առաջարկները, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստանայում սպասվելիք հանդիպումը: «Միաժամանակ զեկույցը պատերազմական գործողությունների վերսկսման և խաղաղ բանակցությունների ձախողման տարրեր էր պարունակում, ինչը նույնպես ձեռնտու չէր ՆԱՏՕ-ին»,– ասել է նա:

No comments: