Երկու օր առաջ գրավի դիմաց կալանքից ազատվել են դրամաշորթության կասկածանքով կալանավորված, Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանը եւ նրա զինակից, նույն զորամասի գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը:Գրավի չափը ՌոԺ մականունով Վարդան Մարտիրոսյանի դեպքում կազմել է 1 միլիոն դրամ, իսկ Արթուր Կարապետյանն ազատվել է 820.000 դրամ գրավի դիմաց: Նշենք, որ սույն անձինք կալանքի տակ գտնվեցին ընդամենը երկու շաբաթ:
Հայտնի է, որ Հայաստանում գրավի դիմաց կալանքից ազատվելը լուրջ խնդիր է, եթե ոչ անհնար, անգամ ամենափոքր հանցագործության դեպքում: Նշանակում է տեղին էին մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը գլխավորող Յուրի Խաչատուրովի համար, ում որդու մտերիմն է Ռոժը, նրան ազատելու խնդիրը հեղինակության ու պատվի հարց է եղել, և նա, փաստորեն, պատվով է դուրս եկել այդ իրավիճակից:
Խաչատուրովի ազդեցության սահմանները հասկանալու համար պետք է նշենք, որ ՊՆ քննչական ծառայությունն այս դեպքում իր առջև խնդիր էր դրել մինչև վերջ գնալ և աղմկահարույց այս հանցագործությունը բացահայտել: Բնական է, որ քննչական ծառայությունը ստացած է եղել Պնախարար Սեյրան Օհանյանի համաձայնությունն այդ հարցում, սակայն ցանկությունը մի բան է, իսկ իրականությունը` բոլորովին այլ: Կալանքից ազատելով Ռոժին, Խաչատուրովը տարել է իր հերթական հաղթանակը:
Սակայն մեզ մտահոգող հարցը ամենևին սա չէ, այլ այն, որ Ռոժի ազատության մեջ գտնվելը վտանգավոր է և սպառնում է քրեական գործի տապալմանը, իսկ որն ավելի կարևոր է` նրա ազատությունը վտանգավոր է գործով անցնող վկաների համար: Գտնվելով ազատության մեջ, նա հնարավորություն ունի ուղղակիորեն ճնշում գործադրելու վկաների վրա` տված ցուցմունքներից հրաժարվելու, կամ փոխելու համար: Ո՞ր շարքային զինվորը ցուցմունքներ կտա հրամանատարի դեմ կամ առերես հարցաքննության ժամանակ կպնդի իր ասելիքը: Կալանքի իմաստը հենց սա է, որպեսզի ճնշում չգործադրվի վկաների վրա, իսկ այս կարգի հանցագործության պարագայում և բանակում կատարվող անպատժելիության ֆոնի վրա` առավելևս:
Իսկ եթե հաշվի առնենք նաև գումարտակի հրամանատարի կողմից զինվորներին ստորացնելու, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ապա պարզ կդառնա այն վտանգները, որ սպասվում է ցուցմունք տվող զինվորներին:
Քրեական այս գործը հարուցվել է զորացրված մի զինվորի ցուցմունքների հիման վրա, ով առանց իր անունը հայտնելու թերթերից մեկին պատմել էր սույն հրամանատարի կողմից զինվորներին բռնությունների ենթարկելու ու ստորացնելու բազմաթիվ օրինակներ: Ներկայացնենք դրանցից մեկը:
“Հերթապահության ժամանակ զինվորին գարեջուր խմելուց տեսավ: Ճիշտ է, դա լավ բան չէ, եւ դրա համար զինվորին կարող են ուղարկել կալանքի, բայց հրամանատարը՝ Մարտիրոսյան Վարդանը՝ Ռոժ մականունով, գարեջուր խմող զինվորին, որի անունը Տիգրան էր, կանչեց իր մոտ: Տիգրանը կրտսեր սերժանտ էր: Սկզբից նրա ուսադիրները պոկեց, հետո զինվորին գետնին գցեց ու սկսեց երիկամներին ու մեջքին ոտքով խփել, հրամայել, որ համբուրի իր կոշիկները:
Զինվորը դա չարեց, եւ Մարտիրոսյանը զինվորի գլուխը գետնին դրեց ու սկսեց կոշիկի կրունկով ուժեղ հարվածել նրա գլխին: Հաջորդ օրը Տիգրանի դեմքին հրամանատար Մարտիրոսյանի կրունկի հետքերն էին: Այնքան էր խփել զինվորի մեջքին ու երիկամներին, որ նա մի շաբաթ չէր կարողանում ուղիղ կանգնել: Մենք էինք օգնում, որ շորերը հագնի”,պատմել էր զինվորը` հավելելով, որ այս զորամասը միակողմանի ծնողազուրկ երեխաների զորամաս է, ու հրամանատարները լավ գիտեն, որ ծնողի ձեռքին ճար չկա, դրա համար էլ ամեն ինչ անում են, իսկ զինվորները չեն պատմում այդ մասին:
“Եթե ես հիմա ծառայության մեջ լինեի, պարզ է, որ այս ամենը ձեզ չէի պատմի”, իր պատմությունը եզրափակել էր նախկին զինվորը:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի պետի` Յուրի Խաչատուրովի որդու` Գրիշա Խաչատուրովի գլխավորած զորամասն առավել աչքի ընկավ վերջին շրջանում այնտեղ կատարված սկանդալային բացահայտումներով: Ռոժ մականունով հրամանատարը՝ Վարդան Մարտիրոսյանը, բնական է, ոչ առանց իր հրամանատարի իմացության, ստիպել է պայմանագրային զինծառայողներին մուծվել ամսական 10-15 հազար դրամ` աստիճանաբար բարձրացնելով գումարի չափը:
Սակայն առավել ցնցող է պատմությունը, թե ինչպես են այդ անձինք ստիպել ստորադաս զինվորականներին, որ Ակբա բանկից 3 հարյուր հազար դրամից մինչեւ 1,5 միլիոն դրամ վարկ վերցնեն՝ խոստանալով, որ իրենք կփակեն այդ գումարները, սակայն թողել են վարկառուների վրա: Բնականաբար, աշխատավարձով ապրող պայմանագրային զինծառայողները չեն կարողացել մարել ու փաստի առջև են կանգնել:
Գուցե, վերջին այս իրադարձությունները` Ռոժին կալանքից ազատելը, պետք է դիտել գերագույն գլխավոր հրամանատարի վերջին հրապարակային ելույթի համատեքստում, ինչպես պնդում էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
“Նա իր գնահատականներով վերստին հաստատեց մեր այն մտահոգությունը, որ իշխանությունները որևէ կամք չեն դրսևորում իրավիճակը փոխելու համար: Նրա ելույթն ուղղակիորեն կարելի է գնահատել այսպես. որևէ օբյեկտիվ, համակողմանի քննության հույս այս դեպքերով չունենաք: Այսինքն, գնալու են հանցագործությունները կոծկելու ճանապարհով և բոլոր հնարավոր տարբերակներով, և այն գնահատականները, որ հնչեցին մինչև այժմ եղած հրապարակումների վերաբերյալ, ապացուցում են, որ նրանք հակված են տեղի ունեցող մահացության դեպքերի և թերությունների մասին չահազանգել”:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment