News.am. 22-11-2010- Այսօր Հայաստանի բանկային համակարգ են մտնում ոչ այնքան հուսալի եւ սեւ փողեր: Այս մասին նոյեմբերի 22-ին բանկային աշխատողի օրվա առթիվ հրավիրված ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:«1996 թվականին, երբ տնտեսությունը նոր-նոր ոտքի էր կանգնում, մենք հպարտությամբ ասում էինք, որ մեր բանկային կապիտալի 50 տոկոսը արտասահմանյան կապիտալ է, որի 70-80 տոկոսը եվրոպական կապիտալն էր: Այսօր էլ ենք նույնն ասում, սակայն Հայաստանում գերակշռող դիրք ունի ռուսական կապիտալը»,-հայտարարեց Ասատրյանը: Նա ընդգծեց, որ ռուսական կապիտալը պատմություն չունեցող՝ ընդամենը 15 տարեկան կապիտալ է, ի տարբերություն, ասենք, անգլիական կապիտալի:
ԿԲ նախկին ղեկավարը նկատեց, որ ռուսական կապիտալը նաեւ թափանցիկ չէ, եւ առաջարկեց ուսումնասիրել Հյուսիսային պողոտայի կառուցման համար հիմքում դրված կապիտալի ծագումը: «Դրանք հիմնականում սեւ փողեր են, պատահական փողերով կառուցված տներ: Սա տնտեսական փող չէ, այլ ջրի բերած փող: Դեռ ոչինչ, որ շենքն այդ այսպես է կառուցվում, բայց որ բանկն է իր հիմքում նման փող ունենում, դա խիստ վտանգավոր է»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նա նաեւ նշեց, որ հայաստանյան բանկային համակարգի չկայացածության պատճառը ստվերն ու օլիգարխիկ համակարգն են: «Ստվերը թույլ չի տալիս, որ բանկային համակարգը զարգանա», -ասաց Ասատրյանն ու կեսկատակ նկատեց. «Էսքան օլիգարխներ ունենք, մի հատ բանկիր օլիգարխ չունեցանք: Մեր օլիգարխները հիմնականում բանան վաճառողներ են, սա իսկապես մեր տնտեսության ողբերգություններից է»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment