«Լրագիր» 18-11-2010- Ճանաչողական ծուղակ – այս եզրաբանությունը որոշ սոցիոլոգներ օգտագործում են այն իրավիճակի վերաբերյալ, որի դեպքում հենց ճանաչողական միջոցները (տեխնոլոգիաները), որոնցով զինվում է մարդը, դառնում են խոչընդոտ ճանաչողության ճանապարհին, միտքը տանելով փակուղի: Իսկ եթե առաջանում են անորոշություններ ինտելեկտուալ ջանքերի գործադրման նպատակը որոշելու մասով, նշված ծուղակը ստանում է հոգեբանական ծուղակի բնույթ: Դիսկոմֆորտի վիճակը տիրում է հետազոտողին, նրան վերածելով ծայրահեղ ապակառուցողական մարդու:Թերեւս, դրան շատ նման իրավիճակ է սկսում ձեւավորվել Հայաստանում, որտեղ շատ ինտելեկտուալ զարգացած եւ իսկապես կրթված մարդկանց վիճակը դժվար է նախանձելի համարել (միանգամից ասենք, որ խոսքը նոմենկլատուրային մտավորականության մասին չէ): Համենայն դեպս, ավելի ու ավելի քիչ մարդիկ են պահում էնտուզիազմը հասարակության ու պետության կենսական խնդիրների ակտիվ վերաիմաստավորման հարցում: Ավելի ու ավելի է արտահայտվում կյանքի իրողություններից այս մարդկանց ինտելեկտուալ խորթացման ֆենոմենը: Իսկ ակտիվությունը պահպանած գործիչները չեն կարողանում թաքցնել իրենց տիրած դիսկոմֆորտը եւ սեփական ակտիվության կործանարար բնույթը:
Այս խնդրի շուրջ հետաքրքրությունն առաջացավ, երբ հետեւում էինք Հայաստանի հասարակության ավանդաբար ակտիվ մասի պահվածքին այն ժամանակաշրջանում, երբ ակտուալ էր ԼՂՀ ճանաչման շուրջ բանավեճը: Նշված միջավայրում առավել ստագնացիա երբեւէ չէր եղել` մարդիկ կարծես բերանները ջուր էին առել: Քիչ այլ արտահայտմամբ, նման ստագնացիա նկատելի էր 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո: Եղել են նաեւ այլ ժամանակաշրջաններ, երբ հասարակայնությունըցուցադրում էր անհաղորդություն ռազմավարական կարեւոր խնդիրներին: Իսկ ներկայում կարելի է ենթադրել, որ երկրում չկա ընդունակություն` ճանաչել ռազմավարական կարեւոր որոշումների ճիշտ կամ սխալ լինելը: Չկա նաեւ պատրաստակամություն մասնակցելու նման որոշումների մշակմանը:
Ժամանակակից Հայաստանն, անշուշտ, ապրում է սեփական պատմության հերթական կրիտիկական փուլը: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հասարակությունը չի կարող գլուխ հանել երկրի վրա կախված ներքին ու արտաքին սպառնալիքներից: Չի կարող նաեւ արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները սեփական զարգացման ու կազմակերպման համար: Հասարակության առավել ակտիվ շերտը ուզուրպացրել է քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական ողջ ռեսուրսը, իսկ հասարակության մնացյալ մասը հանձնվել է բախտի քմահաճույքին: Ով կարողանում է` հեռանում է երկրից, ով չի կարողանում` ողջ ջանքը կենտրոնացել է գոյատեւման համար նվազագույն ռեսուրս որոնելու վրա:
Երկրի ներսում ընդունում են, որ երկրում տեղի է ունեցել հասարակական-քաղաքական կյանքի օլիգարխացում` համապատասխան կյանքի տարալուծման միտումների, դրա բոլոր կողմերի անկասելի մոնոպոլացման հետեւանքով: Այս գնահատականի վերաբերյալ առանձնապես տարաձայնություններ չկան` մարդիկ իրարից տարբերվում են ընդամենը ազգային իրողությունների հանդեպ անձնական վերաբերմունքի բնույթով: Իրականում, մարդկանց շատ փոքր շերտ է փորձում դիմադրել ստեղծված իրավիճակին: Մյուսները չեն հավատում իրավիճակի արմատական փոփոխության հնարավորությանը:
Թվում է, նշված իրավիճակում պետք է նկատելի լիներ ազգային իրողությունների ակտուալ կողմերի վերաիմաստավորման ալիք: Ավելորդ է պնդել, որ նշված իրավիճակից հասարակությունը եւ երկիրը հանելու ցանկացած ճանապարհ պետք է որոնի հասարակության ինտելեկտուալ ու կրթված մասը: Երբ չկա Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ռացիոնալ գնահատական եւ այդ գնահատականի վրա հիմնված հայեցակարգ, դժվար է խոսել հաղթահարման հնարավորության մասին: Նման բան վերջին երկու տարիներին, իսկապես, նկատվել է, սակայն տարօրինակ է, որ շատ արագ հրապարակային բանավեճը եւ քննարկումները լոկալացվել են բացարձակապես ոչ սկզբունքային խնդիրների ոլորտում: Ներկայում նկատվում է երկրի ռազմավարական կարեւոր հարցերից ինտելեկտուալ միջավայրի ինտենսիվ մարգինալացման եւ նկատելի ինքնամեկուսացման միտում:
Անշուշտ, նման ընկճվածությունը պետք է լուրջ պատճառներ ունենա: Օբյեկտիվ գործոնների հետ ուղղակի կապ չունեցող ինչ որ բան պետք է ինտելեկտուալ միջավայրին մղեր լոկալ ասպարեզում անպտուղ քննարկումների գիրկը: Թերեւս, պատճառները պետք է որոնել հայ ինտելեկտուալների առանձնահատկությունների ու որակների մեջ, ովքեր չեն կարողացել հաղթահարել օլիգարխացման ֆենոմենն արդեն գաղափարական-ինտելեկտուալ ոլորտում: Համենայն դեպս, չի կարելի չնկատել, որ ինտելեկտուալ պոռթկմանը խանգարում է այն հանգամանքը, որ երկրում հասարակական-քաղաքական մտքի զարգացման ազատ զարգացման պայմանները նույնպես կաթվածահար վիճակում են: Ընդ որում, մեծամասամբ կաթվածահար են հենց հասարակության ինտելեկտուալ մասի պահվածքով:
Այս իրավիճակի մասին արժե մանրամասն խոսել: Մինչ այժմ քննարկվում էին քաղաքական շրջանակների առանձնահատկությունները, եւ քաղաքական էլիտայի գաղափարական վիճակի պատկերն այդ իմաստով ուսումնասիրված է բավական խոր: Այստեղ “հայտնագործություն” պետք չէ` քաղաքական մոնոպոլ հայեցակարգերի թելադրանքը տասնամյակներով ճնշում է ցանկացած այլակարծություն Հայաստանի քաղաքական կյանքում: Իշխանամետ ու ընդդիմադիր կուսակցությունների անքննելի ճշմարտության տեսքով հրամցվող գնահատականները հասարակությանը պահում են քարացած վիճակում: Մի կողմից “ազգային միասնության առաջնահերթության”, մյուս կողմից “բարիդրացիության անայլընտրանքայնության” կարգախոսը կաշկանդել են հասարակական գիտակցությունը: Այս հայեցակարգերի շրջանակներից դուրս ցանկացած քաղաքական գաղափար հիմքից ճնշվում է համապատասխանաբար տարբեր քաղաքական ուժերի վերահսկողության տակ գտնվող զլմ-ների կողմից: Հասարակությանը տարիներ շարունակ ներշնչվում է առկա գնահատականների ու հայեցակարգերի անայլընտրանքայնությունը: Համարվում է, որ չկա եւ չի կարող լինել Հայաստանի քաղաքական խնդիրների այլ տեսլական:
Թերեւս, հենց սրանում է արտահայտվում գաղափարական իմաստով քաղաքական դաշտի օլիգարխացման ֆենոմենը: Սակայն, այնուամենայնիվ, սա չէ տվյալ հոդվածի քննարկման առարկան: Քաղաքականության տոտալ գաղափարազրկությունը ծնվում է ոչ դատարկ տեղում` այն առաջանում է գաղափարական վակուումում: Հայաստանի քաղաքական կյանքում դա չէր կարող երկար շարունակվել, եթե աջակցություն չստանար երկրում քաղաքական մտքի կոնսերվացման ավելի ծանրակշիռ գործոնով: Իսկ “կոնսերվացնող գաղափարախոսության” սկզբնաղբյուրը պետք է որոնել միայն այնտեղ, որտեղ պետք է լինի գաղափարների օրրանը` Հայաստանում ինտելեկտուալ զարգացած եւ կրթված մարդկանց շերտի միջավայրում: Ինչպես թվում է, հենց այս միջավայրի խնդիրներն են սկսում որոշիչ դեր խաղալ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի տարալուծման կոնսերվացման գործընթացում:
Այս պնդման մեջ համոզվելը դժվար չէ` զլմ-ները եւ սոցիալական ցանցերը թույլ են տալիս հետեւել Հայաստանի ինտելեկտուալ միջավայրում տեղի ունեցող գործընթացներին: Չհավակնելով լիակատար օբյեկտիվության, կարող եմ նշել, որ, իմ կարծիքով, ինտելեկտուալ միջավայրի դժբախտությունն ավելի ու ավելի շատ դառնում է անհամարժեք բարձր ինքնագնահատականը, ճշմարտության որոնման խնդրին բացարձակ անտարբերության պայմաններում: Կարելի է նկատել, որ ինտելեկտուալ ինքնահաստատման նպատակը ծածկում է մնացյալ ամեն ինչի արժեքը: Համենայնդեպս, ոչ մի կերպ չի թաքցվում, որ բանավեճի մեջ ներգրավված մարդուն հաճախ պետք է միայն իշխանություն մտքերի վրա: Տպավորություն է մնում, որ կորցնելով մարդկանց վրա քաղաքական իշխանություն հաստատելու հույսը, ինտելեկտուալ միջավայրը իշխանության համար պայքարը տեղափոխել է “ինտելեկտուալ էքսպանսիայի” լոկալ ոլորտ: Հենց այս կապակցությամբ էլ կարելի է խոսել ինտելեկտուալ միջավայրի օլիգարխացման ֆենոմենի մասին:
Եթե այս նկատառումը ճիշտ է, պետք է համաձայնվել, որ նման պայմաններում ճշմարտության փնտրտուքը չի կարող լինել առանցքային նպատակների շարքում: Համապատասխանաբար, պետք է ընդունենք, որ ժամանակի ընթացքում ինտելեկտուալ նման միջավայրում պետք է ավելի ու ավելի արմատավորվի կիսագրագիտությունը: Իսկ քանի որ կիսագրագիտության գլխավոր հատկանիշը սեփական պնդումները որպես “հայտնագործության” հավակնելու ձգտումն է, հասկանալի է դառնում ինտելեկտուալների միջավայրում նկատվող վերամբարձության ակունքը: Այստեղից էլ` դեստրուկտիվ երեւույթների շղթան: Սեփական յուրաքանչյուր միտքը ներկայացնելով որպես “հայտնագործություն”, ինտելեկտուալն ըստ էության սկսում է զբաղվել ոչ սեփական ցանկացած գաղափարի վարկաբեկմամբ: Սկսում է արտահայտվել անհաղթահարելի հակում` “չհամաձայնել ոչ միայն արտահայտված կարծիքներին, այլեւ հենց “կյանքի ճշմարտությանը”: Այստեղից էլ` կյանքին “սեփական ճշմարտությունը” պարտադրելու ձգտումը:
Ցավոք, հենց նման տրամադրվածությունն է ամենից նկատելի Հայաստանում բանավիճող շատ ինտելեկտուալների մոտ: Սակայն կյանքն ուժեղ է ցանկացած ինտելեկտուալից` երբ վերը նշված տրամադրվածությամբ վարակվում է ինտելեկտուալների մեծամասնությունը, մտքերի վրա տիրելու նպատակին հասնելը նույնպես բարդանում է: Այդ պատճառով էլ մենք ականատեսն ենք օրինաչափ երեւույթի` ինտելեկտուալ միջավայրում անհանդուրժողականության աճին: Աթեիստաբար տրամադրված ինտելեկտուալների համար դժվար է հասկանալ, որ բնությունը չի հանդուրժում ամեն մի ինքնանպատակ: Դեստրուկտիվ ամենայն բան կիսվում է, իրար դեմ հանվում եւ ուղղվում ինքնավերացման ուղի: Հասկանալի է, որ նման ծուղակի մեջ հայտնված ինտելեկտուալները ակամա ինքնամեկուսանում են ռազմավարական օբյեկտիվորեն կարեւոր խնդիրներից, իրենց համար ընտրելով հարմար, վերացական թեմաներ:
Ասվածի բնորոշ օրինակ է Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում “նացիոնալիստներ-լիբերալներ” վերացական բանավեճը: “Ինտելեկտուալ օլիգարխիայի” տրամաբանությանը լիովին համապատասխան, ի սկզբանե բանավեճում առաջադրվեց էթնիկ սկզբի եւ համամարդկայինի փոխբացառման կեղծ պարադիգմը: Այստեղից էլ ծնվեց ավարտուն կլիշե` “լիբերալները նրանք են, ովքեր հանձնում են ազատագրված հողերը”, նացիոնալիստները մնացած բոլորն են: Պետք է ասել, որ կլիշեն շատ հարմար է ինքնահաստատվելու համար: Թե այն ինչ կապ ունի քննարկվող իրական հասկացություններին, ոչ մեկին չի հետաքրքրում:
Եթե հետաքրքրեր, մարդիկ շատ արագ կհանգեին այս տրիվիալ հասկացությունների էության ըմբռնմանը: Թեկուզ այն, որ եթե լիբերալիզմը պնդում է անհատի ազատության բարձրագույն արժեքը, դա չի նշանակում, որ ժխտում է ազգային շահ հասկացությունը միջազգային ասպարեզում: Սակայն այս եւ այլ տրիվիալ ճշմարտությունները ոչ մեկին չեն հետաքրքրում` խնդիրն այդ չէ: Կարելի է նաեւ դիմակայության քարացած սխեմաների այլ օրինակներ էլ բերել: Այստեղից էլ` զրոյական արդյունքով “գաղափարական ճակատամարտերի” անվերջանալի շրջապտույտը: Հնարավոր է, հենց սա է պատճառը, որ ազգի լուրջ գաղափարական ընտրության պահերին ինտելեկտուալները “անցնում են ընդհատակ”: Իսկ ազգին հասցված վնասը լուրջ է: Ազգը կորցնում է սեփական խնդիրները ռացիոնալ գնահատելու եւ կրիտիկական պահերին ճիշտ լուծումներ գտնելու ընդունակությունը, քանի որ չի կարողանում ազատվել իր միջավայրում ծնված ցանկացած գաղափարը ժխտող մեքենայի թելադրանքից:
Ուզում ենք, թե ոչ, այս վիճակը պետք է հաղթահարել: Ինտելեկտուալի կեղծ ինքնահավանությունն ավելի վտանգավոր է, քան սեփականատեր-համբալի բութ նպատակասլացությունը: Հայաստանի հասարակության մեջ նման ընկալում, բարեբախտաբար, կա: ԶԼՄ-ներում եւ հրապարակային քննարկումներում կարելի է նկատել իրապես պատասխանատու մասնագետների մտորումներ, ովքեր խորապես հասկանում են Հայաստանի ակտուալ խնդիրները (ընդունված է, որ նրանց մեծամասնությունը կանայք են. Թերեւս, նրանց համար հեշտ է խուսափել ինքնահավանությունից): Դա հույս է ներշնչում, որ “գաղափարական օլիգարխացման” էֆեկտին տրված ինտելեկտուալները կամ շատ շուտով կսպառվեն, կամ էլ ստիպված կլինեն վերադառնալ պատասխանատվության դաշտ:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԱՀՀԿ փորձագետ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment