«Լրագիր» 19-11-2010- Հայաստանում ավանդաբար փակ միջուկային ասպարեզը վերջին ժամանակներս մի քիչ բացել է վարագույրը: Միանգամից մի քանի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք առաջին հայացքից կապված չեն միմյանց հետ, սակայն ակնհայտ տեղավորվում են մեկ միտման մեջ: Խոսքը Հայաստանի միջուկային ասպարեզի վերաբաշխման, որը ներկայում պատկանում է Ռուսաստանին, և այդ ոլորտում ԱՄՆ միջամտության մասին է:Խոսքը ինչպես ՀԱԷԿ-ի, այնպես էլ ուրանի հանքավայրերի մասին է, որի հետախուզմամբ նույնպես զբաղվում է Ռոսատոմ ռուսական պետական կորպորացիան: ԱՄՆ արդեն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարության տենդերին, որը Ռուսաստանն արդեն իր սեփականությունն էր համարում: Ճիշտ է, խոստացել են ընդամենը գումարի 20 տոկոսը, սակայն ինչ-որ շատ սեփականատիրական ձևով: Այժմ, եթե ԱՄՆ ԱԷԿ-ի շինարարության համար առավել առարկայական հայտ ներկայացնի, Ռուսաստանը ստիպված կլինի կամ ավելի բարձրացնել խաղադրույքը, կամ էլ դիմել արդեն սովորական դարձած շանտաժի ու սադրանքների:
Ըստ ամենայնի, ԱՄՆ շինարարությանը մասնակցելու մտադրության մասին այժմ հայտարարելը պատահական չէ: Բանն այն է, որ Ռուսաստանի փորձերը Սյունիքում` հետախուզել և սկսել ուրանի հանքերի շահագործումը, ակնհայտ ձախողման են մատնվել: Հանքերի շահագործումը Ռուսաստանի համար կարող էր հսկայական եկամուտների աղբյուր դառնալ, որոնք կարող էին փակել ոչ միայն ԱԷԿ-ի նոր բլոկի ներդրումներն ու շինարարական ծախսերը, այլև վերածվեին մաքուր շահույթի:
Սակայն Սյունիքում անսպասելիորեն հանքավայրերի շահագործման դեմ բողոքի բուռն ակցիաներ սկսվեցին, ընդ որում, հատկանշական է, որ դրան մասնակցեցին նաև տեղական իշխանությունները, այսինքն ակցիան սատարել են նաև հանրապետական իշխանավորները: Բացի այդ, աննախադեպ ակցիա տեղի ունեցավ` Սյունիքում “ինքնահրկիզվեց” ուրան փնտրող թանկարժեք տեխնիկան, ասում են, ոչ առանց արտաքին օգնության: Այդ ակցիայից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ նոր տեխնիկա բերել և դադարեցնում է հետախուզումը: Պետք է ենթադրել, որ ոչ պաշտոնական մակարդակով հայտարարվել է, որ եթե Հայաստանը Ռուսաստանին ուրան չի տալիս, ապա Ռուսաստանը հրաժարվում է գումար տրամադրել ատոմակայանին:
Այդտեղ էլ ի հայտ եկավ շինարարությանը ԱՄՆ մասնակցության հնարավորությունը: Բացի այդ, տեղեկություն է տարածվել այն մասին, որ Վրաստանում հայտնաբերվել է ապօրինաբար պահվող 87 տոկոս հարստացված ուրան, որը դուրս է բերվել Հայաստանից: Չնայած այն բանին, որ Հայաստանի համապատասխան պետկոմիտեի աշխատակիցները հերքել են այդ մակարդակի հարստացված ուրանի գոյությունը Հայաստանում, այդ տեղեկությունը մեսիջ դարձավ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի ԱԷԿ-ում չի ապահովվում ռադիոկտիվ նյութերից անհրաժեշտ պաշտպանություն, և խիստ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քանի որ Ռուսաստանը հրաժարվեց մասնակցել, այդ տեղը կարող է զբաղեցնել ԱՄՆ-ն:
Եթե այդ վարկածը ճիշտ է, ուրեմն պետք է սպասել Ռոսատոմի նոր հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում հետախուզումը կշարունակվի, իսկ Ռուսաստանը առաջարկում է ԱԷԿ-ի շինարարության համար ներդրումների 51 տոկոսը, կամ էլ ԱՄՆ-ն առաջինը կհայտարարի շինարարությունն իր վրա վերցնելու պատրաստակամությունը: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ատոմային ոլորտը վերաբաշխման եզրին է:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment