Tuesday, November 16, 2010

«ՄՇՏԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԱԼԻԵՎԻ, ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ, ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵՌԱԾ ՉԷ»

Հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը

«ԱԶԳ», 16-11-2010- Նոյեմբերի 13-ին ավարտելով Թուրքմենստան կատարած երկօրյա պաշտոնական այցելությունը, Անկարա է վերադարձել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Վերադարձին ինքնաթիռում նա ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ եւ պատասխանել է «Բուգյուն» թերթի հարցերին:

- Ներկա պահին թռչում ենք Հայաստանի օդային տարածքով: Հարաբերությունները խցանվել են, հույսեր կա՞ն նորմալացման գործընթացի առումով:
- Ես այդ մասին ասել եմ Մեջլիսում: Ներկայումս տիրող փաստացի իրավիճակից ոչ ոք չի շահել: Դա չի բխում որեւէ մեկի շահերից: Դրա այլընտրանքը համագործակցության հաստատումն է կողմերի միջեւ, խնդիրների լուծումն ու կասկածների վերացումը: Այդ դեպքում կսկզբնավորվեր տնտեսական շատ լուրջ համագործակցություն: Շատ կարճ ժամանակահատվածում ժայթյուն տեղի կունենա Կովկասում: Դրանից զրկվելն անգամ բոլորի վնասն է: Մինչդեռ լավ սկիզբ էր եւ համարձակ: Դա տեղի ունեցավ իմ նամակով:

- Նոր նախաձեռնություն չե՞ք ցուցաբերի:
- Անկեղծ ասած, աշխատում ենք: Աշխատանքներ ենք կատարում Կովկասի առնչությամբ: Սա այն հարցերից է, որի վրա անձամբ կենտրոնանում ենք: Հրահանգներ եմ տալիս խնդրին առնչվող պետական կառույցներին, որոշ նախարարներին, անկախ կազմակերպություններին հանձնարարում եմ աշխատանքներ: Մշտական շփման մեջ եմ Սարգսյանի, Ալիեւի, Պուտինի եւ Մեդվեդեւի հետ: Հարցը վառ է մնում:

- Ռուսաստանը որեւէ նպաստ չի՞ բերում:
- Ենթադրում եմ, որ այս ամենը կկարգավորվի: Նորմալացման գործընթացը մեռած չէ:

- Իրենց ձայնը տեղ չհասցնելու համար ազգային փոքրամասնությունները դժգոհում են: Դուք այդ ուղղությամբ որեւէ քայլ չե՞ք ձեռնարկում:
- Ճիշտ հակառակը: Ես նրանց միշտ հրավիրում եմ ընդունելության: Նույնիսկ Հաթայում սինագոգ եմ այցելել, գնացել եմ եկեղեցի, որտեղ մեծ բազմություն էր հավաքված: Տարեց մի կին փառք էր տալիս Արարչին, որ նման բանի ականատեսն է եղել: Նկատեցի, որ թուրքերեն էր խոսում, կաթոլիկ էր եւ մեր քաղաքացին: Ասում են, որ ամեն շաբաթ հրեաները ինձ համար աղոթում են:

- Ինչպե՞ս է դրա վրա անդրադարձել Իսրայելի հետ լարվածությունը:
- Իսրայելն առանձին հարց է: Իսկ Թուրքիայի հրեաները մեր քաղաքացիներն են: Մեր խնդիրը Իսրայելի հետ էլ չէ, այլ իսրայելական կառավարության, ավելի շուտՙ նրա որդեգրած քաղաքականության հետ: Կտրականապես մերժում եմ Թուրքիայում հակասեմականության առկայության մասին խոսակցությունները: Ե՛վ արտգործնախարարը, ե՛ւ վարչապետը, ե՛ւ ես ամեն ինչ ասում ենք բացեիբաց:

No comments: