«Լրագիր» 22-11-2010- ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ կրթության ու գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նոյեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի հետ կապված ինտենսիվ թերապիայի միջոցառումներ են իրականացվում` զորավարժություններ ԼՂՀ-ում, նախագահ Սերժ Սարգսյանի չկատարած այցը Լիսաբոն, Լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ն անելիք չունի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում»:Թվում է, թե նորմալ հայտարարություն է, սակայն այն որոշակի պարզաբանման եւ մեկնաբանության կարիք ունի հետագա շարունակությունից ելնելով:
“ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այդ հայտարարությունը պայմանավորված է հենց նախագահի` Լիսաբոն չմեկնելու որոշման հետ, քանի որ չայցելելով` Սերժ Սարգսյանը հստակ մեսիջ ուղարկեց նախ` Ադրբեջանին ու համաշխարհային հանրությանը, որ Լիսաբոնյան համաժողովի հռչակագրում ընդհանրացված ձևակերպումներն ու միայն տարածքային ամբողջականության մասին խոսելը կիրառելի չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում”, հայտարարել է Արտակ Դավթյանը:
Բանն այն է, որ ՆԱՏՕ-ն միշտ է հայտարարել, որ ՆԱՏՕ-ն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավված չէ եւ անելիք չունի: Այնպես որ, Սերժ Սարգսյանի Լիսաբոն մեկնել չմեկնելը դրա հետ որեւէ կապ չունի եւ Ռասմուսենի հայտարարությունը չի կարող պայմանավորված լինել Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելով, եւ պետք չէ այն ներկայացնել իբրեւ չմեկնելու որոշման արդյունք:
Ռասմունսենը Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի չներգրավվածության եւ անելիք չունենալու մասին հայտարարել էր նաեւ 2010 թվականի մայիսին, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր Բելգիա եւ այնտեղ հանդիպել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ ու համատեղ մամուլի ասուլիս տվել: Ավելին, երբ Ռասմունսենը հայտարարել էր այ մասին, Սերժ Սարգսյանը նույնիսկ ինչ որ իմաստով հակադրվել էր նրան: “Բայց ես չեմ լսել, ոչ այժմ, ոչ նախկինում, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես դեր չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, հատկապես, եթե հանկարծ իրավիճակը վերածվի պատերազմականի: Հայտնի է, որ Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ են, եւ եվրոպական կառույցները զբաղվում են ինչպես խնդրի լուծմամբ, այնպես էլ մեր հարաբերությունների կարգավորմամբ: ՆԱՏՕ-ն, ինչքան ես պատկերացնում եմ, պատասխանատու է նաեւ Եվրոպայի անվտանգության համար, եւ ինչքան ես հասկանում եմ, Եվրոպան չունի այլ զինված ուժեր, ՆԱՏՕ-ից բացի: Սակայն, իմ խոսքերից չի հետեւում, որ եթե վաղը լինի հակամարտություն, ապա ՆԱՏՕ-ն միանշանակ կմտնի տարածաշրջան: Բայց կարծում եմ, որ իմ ասածը լիովին հասկանալի է”, 6 ամիս առաջ հայտարերել է Սերժ Սարգսյանը:
Այնպես որ, Արտակ Դավթյանին թերեւս չէր խանգարի տեղյակ լինել այդ մասին կամ հիշել: Իսկ ընդհանրապես լավ կլիներ, կամ ճիշտ, որ Դավթյանը կարծիքներ հայտնի իր “պրոֆիլով”, այսինքն կրթության եւ գիտության ասպարեզի վերաբերյալ, եւ չհամալրի Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական փաստաբանների շարքը, որն առանց այն էլ բավական խիտ է:
Մեծ հաշվով իհարկե բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ է ասում Արտակ Դավթյանը ՆԱՏՕ-ի, Ղարաբաղի, Լիսաբոն գնալ-չգնալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի քաղաքականության մասին: Բայց խնդիրն այն է, որ այդ կարծիքները հայտնվում են “պատասխանատու” հեռուստաընկերությունների լրատվականների եթերում, հետեւաբար կարիք կա հասարակության համար որոշակիորեն պարզաբանել դրանց մեղմ ասած ոչ կոմպետենտությունը, քանի որ հեռուստատեսային լրատվականներում դրանք ներկայացվում են որպես վերինին մոտ ատյանի ճշմարտություններ:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment