Panorama.am. 1-11-2010- Թուրքիայի կառավարության դիրքորոշումը շատ հստակ է. իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ բարելավեն Հայաստանի հետ հարաբերությունները: Այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով Թուրքիայի «Ազգային անվտանգության նոր քաղաքականության փաստաթղթից» կամ, ինչպես ընդունված է ասել, «Կարմիր գրքից» Թուրքիայի համար «սպառնալիք ներկայացնող երկրների» ցանկից Հայաստանին հանելու փաստը: «Դա կապված չէ նրա հետ, որ սկսեցին հայերին սիրել: Դա կապված է այն բանի հետ, որ Թուրքիայի քաղաքականությունն է փոխվում, այսօր այդ երկրի քաղաքականությունն այլ է. ինչպե՞ս կարող ես մերձենալ Ռուսաստանի հետ, մերձենալ Իրանի ետ, բայց անտեսես Հայաստանը, դա անհնար է», - կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նշենք, որ ինչպես թուրքական մամուլն էր տարածել, ըստ Թուրքիայում մշակված նոր փաստաթղթի, Թուրքիայի համար «սպառնալիք ներկայացնող երկրների» ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Սիրիան և Բուլղարիան: Իսկ Հունաստանը շարունակում է սպառնալիք մնալ Թուրքիային։ Այդ ցանկում առաջին անգամ ընդգրկվել է Իսրայելը, ինչն առաջ է բերել պաշտոնական Թել Ավիվի դժգոհությունը:
Գրիգորյանի խոսքով, այժմ Եվրոպական միությանն անդամագրվելուն ուղղված Թուրքիայի ձգտումները մեծ են: «Եթե այդ ցանկությունը չի փոխվել, ապա նրանք, ուզած, թե չուզած պետք է Թուրքիայի հայ համայնքի ու ազգային մյուս փոքրամասնությունների շահերը պաշտպանվեն», -բացատրեց քաղաքագետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment