Monday, November 22, 2010

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Լրագիր» 22-11-2010- Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից Ազատություն ռադիոկայանին հայտնել են, որ ձերբակալված է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում տեղի ունեցած արտակարգ միջադեպի գործով գլխավոր կասկածյալը, ով նույն զորամասի զինծառայող է: Նրա ով լինելու և քրեական գործի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվել` նկատի ունենալով նախաքննության շահերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ժամը 24-ի սահմաններում հրազենային կրակահերթերից մահացել էին 4 զինծառայողներ և հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել 4-ը::
Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ երկու եւ ավելի անձանց սպանության հատկանիշներով:
ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացրել է նաև, որ ևս երկուսը ձերբակալվել են նոյեմբերի 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով: ՊՆ-ն չի հրապարակել, թե ովքեր ձերբակալվածները և նրանց մեղադրանքներ առաջադրվել են, թե ոչ: Մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ դիտավորյալ սպանության հատկանիշներով:
Ռոբերտ Ավետիսյանը մահացել էր հրազենից արձակված 5-6 կրակոցների արդյունքում: նա մահացու այդ վնասվածքները ստացել է զորամասի տարածքում և մահը վրա է հասել անմիջապես:
Զորամասից տրված զինծառայողի մահվան վկայականում նշված է, որ նա ստացել է «կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, ձախ վերին ու ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ներքին օրգանների վնասումներ»:
Կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանը ավարտել էր Երևանի Պետական ագրարային համալսարանը, մեկ տարվա զինծառայող էր, դեկտեմբերին դառնալու էր 23 տարեկան:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: