News.am. 1-11-2010- Հանգամանքը, որ Թուրքիայի ազգային անվտանգության հայեցակարգում Հայաստանը չի նշված արտաքին սպառնալիքների շարքում, չի նշանակում, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը արմատական փոփոխություն է կրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից ընդուված նոր ռազմավարությունը:«Հարկ է նշել, որ «Ազգային անվտանգության քաղաքական փաստաթուղթը» համարվում է պետական գաղտնիք պարունակով փաստաթուղթ եւ ինֆորմացիոն հաղորդագրության մեջ այդ մասին ակնարկելը խոսում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության վերաիմաստավորման մասին: Այդուհանդերձ, այն հանգամանքը, որ Հայաստանը չի նշված արտաքին սպառնալիքների շարքում չի նշանակում, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը արմատական փոփոխություն է կրել»,- նշել է փորձագետը:
Ըստ Տեր-Մաթեւոսյանի՝ Թուրքիան այս գործոնը կիրառում է իր արտաքին քաղաքականության ճարտարապետի` Դավութօղլուի, վերջին տարիներին հետապնդած արտաքին քաղաքական գիծն արդարացնելու համար: «Էրդողանի եւ Դավութօղլուի արտաքին քաղաքականությունը մեծ հեղինակություն է վայելում ինչպես Թուրքիայում այնպես էլ նրա սահմաններից դուրս, հետեւաբար, եթե Հայաստանը, կամ Թուրքիային սահմանակից այլ երկիր, նախորդ ձեւակերպումներով նշվեր այդ ցուցակում, ապա նախընտրական տարում այն կարող էր ստվերել Դավութօղլուի ձեռքբերումները»,- նշել է փորձագետն ու հավելել. «Հարկ է նաեւ նշել, որ նոր փաստաթղթում, ի տարբերություն նախորդների, զինվորականներն ունեցել են նվազագույն մասնակցություն, փոխարենը, զգալի է կառավարության ու այլ քաղաքացիական գերատեսչությունների ձեռագիրը եւ ձեւակերպումները քաղաքական պլանավորման ու արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրներում»:
Տեր-Մաթեւոսյանը արձանագրել է նաեւ, որ այս քաղաքական փաստաթուղթը կիրառության մեջ է լինելու մինչեւ 2015 թ, հետեւաբար, հարեւանների նկատմամբ բեւեռացված ու կարծրատիպային ձեւակերպումներից զերծ մնալը առաջիկա տարիներին հնարավորություն կտա Թուրքիային հանդես գալ նոր նախաձեռնություններով: «Ավելին, չի կարելի բացառել նաեւ, որ Թուրքիան լծակներ գործադրի, որպեսզի սպառնալիքների շարքում չընդգրկված երկրները հանդիպակած քայլեր ձեռնարկեն սեփական քաղաքական փաստաթղթերից Թուրքիայի վերաբերյալ ոչ կառուցողական ձեւակերպումները հեռացնելու ուղղությամբ: Օրինակ, 2007 թ. Թուրքիան նմանատիպ ցանկություն էր հայտնել Հայաստանի «Ռազմական դոկտրինի» մշակման ժամանակ Թուրքիայի վերաբերյալ ձեւակերպումները մեղմելու հարցում, սակայն նրա ցանկություններն անհամատեղելի էին մեր ազգային անվտանգության ընկալումների ու շահերի հետ»,- ամփոփել է նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment