Wednesday, November 3, 2010

Թուրքիան շարունակում է մեր տան միջից մեր հետքը ջնջելու գործընթացը. Սամվել Կարապետյան

Tert.am. 3-11-2010- «Կանցնեն շատ քիչ տարիներ, անգամ ոչ տասնամյակ, և հայկական հուշարձանների վերջին փշրանքները, որ կան, այլևս չեն լինի»,– այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Թուրքիայում հայկական հուշարձանների և գերեզմանների ներկայիս վիճակին։
Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ վերջերս ինքը եղել է Արևմտյան Հայաստանում, շրջել Վանի ափամերձ շրջաններում, եղել Շախուրավանքում և Դիվաբույնի վանքում, որտեղ տիրող իրավիճակից պարզապես վրդովվել է։ Ինչպես պատմեց հուշարձանագետը, երբ իրենց խումբը նավով մոտեցել է Դիվաբույնին, վանքի մոտից դեպի սարն են խուճապահար վազել 5 տղամարդ։ Հուշարձանագետը տեսել է, որ եկեղեցու մեջնամասն ամբողջ երկարությամբ փորված է, տարածքում լցված են մուրճեր, այլ քանդող գործիքներ։ «Ակնհայտ էր, որ գանձագողության նպատակով են քանդել՝ հույսով, որ ոսկի կգտնեն»,– ասաց Կարապետյանը։
Նույն վայրագությանը նրանք հանդիպել են Շախուրավանքում։ «Վանքին կից գերեզմանոցը տակնուվրա էր արված, ոսկորներ՝ թափված ամեն տեղ։ Գերեզմանները փորում են՝ հույսով, որ պիտի հայի թաքցրած վաստակով ապրեն։ Քանի հայերը կային, կենդանի հայերի քրտինքն էին վայելում, թալանով, ամեն օրվա ավարով, հիմա էլ հույս ունեն, որ մեր գերեզմաններից կամ չգիտեմ որտեղից դուրս եկած գանձերի հաշվին պիտի ապրեն»,– ներկայացրեց Սամվել Կարապետյանը։
Հայկական վանքերի և գերեզմանների քանդման գործընթացի հեղինակը, Կարապետյանի խոսքով, անմիջապես թուրքական պետությունը չէ, բայց վերջինս իր լռությամբ «պետականորեն խրախուսում է հուշարձանների նկատմամբ վայրագությունները»։ Կարապետյանի խոսքով՝ թուրքական հեռուստատեսությունն ամեն օր ցուցադրում են, թե ինչպես է մի թուրք հայկական գերեզմանը կամ վանքը քանդելիս ոսկի գտել, ինչը «հիվանդացնում է առանց այն էլ հիվանդ թուրք հասարակությանը»։
«Թուրքիան մեր տան միջից մեր հետքը ջնջելու գործընթացը չի դադարեցրել»,– հայտարարեց Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ հայերի մասին ցանկացած հիշողություն վկայում է պատմական ճշմարտության մասին, ինչն անհանգստացնում է Թուրքիային։
Ի դեպ, հուշարձանագետն իր այցի ընթացքում տեսածը նկարահանել է, իրավիճակի մասին զեկուցագիր է փոխանցել ՀՀ մշակույթի նախարարին։ Նա ճիշտ է համարում իրավիճակի առնչությամբ դատական գործի հարուցումը։

No comments: