Tert.am. 19-11-2010- Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը այս շաբաթ Սիդնեյի ինստիտուտում քաղաքական ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս ժխտել է, թե Վրաստանի կառավարությունը հետապնդում է ջավախքահայերին։Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Վարանդ Մկրտչյանի այն հարցին, թե Վրաստանն ինչպե՞ս է հնարավոր համարում իր ԵՄ անդամակցությունը և Ավստրալիայի հետ հարաբերություններ կառուցելը այն դեպքում, երբ շարունակում է Ջավախքում հայերի նկատմամբ հետապնդումներն ու հայկական եկեղեցիների յուրացումը, ծագումով հայ փոխնախարարը պատասխանել է. «Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումներ չկան և չեն եղել»։
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցին՝ Նալբանդովը նշել է, թե հայկական առաքելական եկեղեցին Վրաստանում սեփականություն ունենալ չի կարող, քանի որ այն Վրաստանում գրանցված եկեղեցի չէ։ Փոխնախարարը նաև «խորհուրդ է տվել» գրանցել եկեղեցին՝ զլանալով հիշատակել, որ գրանցման մասին Վրաստանի օրենքների համաձայն՝Վրացական ուղղափառ եկեղեցին մնում է միակ գրանցված եկեղեցին։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը։
Դասախոսությունից հետո, իր հայտարարության մեջ Մկտչյանը նշել է, որ հայերի նկատմամբ հետապնդումները շարունակելու դեպքում, Վրաստանը ԵՄ անդամակցության ճանապարհին դժվարություններ կունենա։
«Քանի դեռ Վրաստանը շարունակում է խախտել ջավախքահայերի իրավունքները, Վրաստանը չի կարող հայտարարել արևմտյան արժեքներն ու սկզբունքները կիսելու մասին։ Քանի դեռ Հայ առաքելական եկեղեցուն օրինական կարգավիճակ չի տրվում և շարունակվում է հայկական եկեղեցիների վրացականացումը, Վրաստանի անդամակցությունը ԵՄ–ին անհնար կլինի»,– հայտարարել է Մկրտչյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment