Tert.am. 18-11-2010- Հայ հասարակությունը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները և «էշի ականջում քնած է»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դժգոհություն հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը։ «Բազե-մազե ենք անում, հավաքվում, ուրախանում ենք, երգում ենք, պարում ենք, համահայկական խաղեր, մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ խոհանոց ենք կազմակերպում, տենց ապուշ միջոցառումներ»,- ընդգծեց դերասանը՝ հավելելով, որ այսօր լուրջ հասարակական շարժում չի տեսնում։«Չեն ասում՝ ախպեր ջան, ինչի՞ ա իմ թոշակը սենց, ինչի՞ ա էս սերվիսը վատ, ինչի՞ համար ա ամեն տեղ ռուսերեն ու անգլերեն գրված, Հայաստանում ենք ապրում վերջապես: Ով իրա կաֆեի վրա ռուսերեն ա գրում, ինքը թքած ունի՝ դու կկարդաս դա, թե ոչ, իրան թվումա, թե ինքը ֆիրմայա, ապե, ինքը որ տենց գրումա, հեսա Անգլիայից կգան ու կասեն՝ «յաաա վաու» ու միանգամից կգնան կաֆե: Նա գեղացի ա, չի հականում, որ տենց չի իրականում: Ինքն իրա գյուղից էն կողմ ոչինչ չի տեսել»,- դժգոհեց Դանիելյանը։
Ըստ դերասանի՝ Հայաստանում այսօր վայրի կապիտալիզմն է իշխում։ Բոլորը մտածում են հնարավորինս շատ հարստահարել, շատ ստանալ ու քիչ տալ։ Վայրի կապիտալիզմի պայմաններում, ըստ նրա, երկրում հարստությունը կենտրոնացված է 5-6 մարդու ձեռքում: «Մնացածը մի ձև յոլա են գնում, էթում Քոբուլեթի, գալիս են»,- նշեց նա։
Հետևաբար Դանիելյանը խորհուրդ է տալիս պայքարել հանուն իրավունքների. «Եթե չպայքարենք, ոչինչ չենք ունենալու»։
Անդրադառնալով իր դերասանական գործունեությանը՝ Սերգեյ Դանիելյանը նշեց, որ
այժմ խաղում է Երևանի պետական կամերային թատրոնում։ Դերասանը հեռացել է պետական երաժշտական կամերային թատրոնից։ Այդ թեմայի մասին Սերգեյ Դանիելյանը չցանկացավ խոսել՝ նշելով. «Համ էլ չեմ նեղացել, իրենք են ինձանից նեղացել։ Հիմա չխոսենք էդ մասին, ինչ-որ ապուշ թատրոն ա, որ իրա համար աշխատում ա, էլի»:
Դերասանը պատրաստվում է շարունակել նկարահանվել սերիալներում։ Արդեն ունի նոր հրավերներ, որոնց մասին, սակայն, նույնպես չցանկացավ խոսել։ Նա նշեց, որ սերիալային գործունեությունն իրեն մեծ համբավ է բերել և բարձրացրել պատասխանատվության զգացումը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment