Monday, November 29, 2010

Ամերիկացի դիվանագետները Դավութօղլուին ահավոր վտանգավոր և խելագար են համարում. Wikileaks

Tert.am. 29-11-2010- Wikileaks-ի կողմից երեկ գիշեր հրապարակված Միացյալ Նահանգների պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերում տեղ են գտել նաև ամերիկացի դիվանագետների՝ միմյանց միջև գաղտնի հաղորդակցվելու ժամանակ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, ինչպես նաև կառավարության անդամներին ն տրված մականունները և կարծիքները նրանց մասին։
Ամերիկացի դիվանագետները, օրինակ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համար գործածում են «Հիտլեր», Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի համար՝ «Մերկ կայսր», Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար՝ «տեֆլոն», Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի համար «Ալֆա տղամարդ», Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի համար՝ «Պարանոիկ» մականունները։
Ամերիկացի դիվանագետների կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «վախկոտ է և ամաչկոտ», Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ «խելահեղ խնջույքների» սիրահար։
Հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։
Ամերիկացի դիվանագետները Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուին համարում են «չափազանց վտանգավոր և խելագար»։
Բացի այդ, հրապարակված գաղտնի փաստաթղթերում տեղ են գտել Ահմեթ Դավութօղլուի և ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հանդիպման մանրամասները։
2009թ. նոյեմբերի 17-ին թվագրված մի փաստաթղթում նշվում է, որ նույն թվականի նոյեմբերի 12-ին 40 րոպե տևողությամբ հանդիպում է տեղի ունեցել Դավութօղլուի և Գորդոնի միջև, որի ընթացքում քննարկվել է, մասնավորապես, Իրանի հարցը։ Դավութօղլուն հայտարարել է, որ իրանցիները լիովին վստահում են Թուրքիային, և Անկարայի կարծիքով՝ Մահմուդ Ահմադինեժադն իրանցի մյուս պաշտոնյաների համեմատ շատ ավելի ճկուն է գործում։
Հանդիպման ընթացքում Դավութօղլուն կարծիք է հայտնում, որ Իրանի դեմ պատժամիջոցների կամ ռազմական ուժի կիրառումը որևէ արդյունք չեն տալու։ Իսկ Գորդոնը փորձում է համոզել Դավութօղլուին, որ Թուրքիայի միջնորդությունն Իրանի միջուկային խնդրի շուրջ չի կարող նպաստավոր լինել։ Սակայն Գորդոնը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին համոզելու հարցում ցանկալի արդյունքի չի կարողանում հասնել։
Նշենք, որ ներկայումս Վաշինգտոնում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով, հավանաբար, կհանդիպի նաև իրեն «վտանգավոր և խելագար» համարող ամերիկացի դիվանագետների հետ։

No comments: