Saturday, December 25, 2010

ԼՂՀ վարչապետն ամփոփել է անցնող տարին

7or.am. 24-12-2010- Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատասխանելով ապրանքների գնաճի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ սոցիալական լարվածությունը հիմնականում առաջանում է պարենային զամբյուղի թանկացմամբ: Մինչդեռ առաջին անհրաժեշտության մթերքները հնարավոր է արտադրել ԼՂՀ-ում:
Նա ավելացրել է, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից դիտարկումներ կանցկացվեն՝ Ամանորի նախաշեմին սովորաբար արձանագրվող գների մեծ տատանումները կանխելու համար:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2011թ. կառավարության թիրախային ծրագրերն են լինելու պարենային անվտանգությունն ու էներգետիկ անկախությունը: Գալիք տարում շեշտակի քայլեր են ձեռնարկվելու մեծ քանակությամբ ցորենի, բուսական յուղի արտադրության, գյուղմթերքների վերամշակման, ինչպես նաև անասնաբուծության զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է ՀՆԱ-ի 9 տոկոս աճ:
Հանրապետության Էներգետիկ անկախությունն ապահովվելու է գործող և կառուցվող ՀԷԿ-երի միջոցով: Վարչապետը մեծ ակնկալիքներ ունի նաև բիոէներգետիկ ճյուղից, որի զարգացման համար Արցախը ունի հսկայական պաշարներ: Այն թույլ կտա մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ լուծել ջեռուցման հարցը:
«Փորձեր արդեն իսկ կատարվում են, որոնցից կարելի է եզրակացնել, որ բիոէներգետիկան կարող է արտահանման համար լուրջ ճյուղ հանդիսանալ»,-ասել է Ա.Հարությունյանը:
Խոսելով վերաբնակեցման ծրագրի մասին՝ Ա.Հարությունյանը նշել է, որ անցած տարի միայն Քաշաթաղի շրջանում 200-ից ավելի ընտանիքներ են վերաբնակեցվել: Կառավարությունը շարունակելու է այդ ծրագիրը, որի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված կլինի շրջանների ենթակառուցվածքների վերականգնմամբ: Արցախում վերաբնակվել ցանկացողներին կտրվեն արտոնյալ վարկեր, շինանյութեր, կփոխհատուցվեն փոխադրամիջոցների համար պահանջվող գումարները:
Արտաքին քաղաքականության բնագավառում, ըստ ԼՂՀ վարչապետի, շոշափելի արդյունքներ չեն արձանագրվել: Շարունակվում են բանակցությունները, գնալով Արցախն աշխարհին ավելի ճանաչելի է դառնում: Արա Հարությունյանը համոզված է.
«Ժամանակը աշխատում է մեր օգտին»:
Արցախի ճանաչման հարցերով հատուկ հանձնախմբի ստեղծումը և նմանատիպ յուրաքանչյուր այլ քայլ արտաքին աշխարհին ներկայանալու գործընթացում կունենա դրական ազդեցություն:
Լրագորղների հարցերին պատասխանելով՝ Ա.Հարությունյանը խոսել է նաև փախստականների բնակարանային խնդիրների լուծման, 2011թ. զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի ավարտի, մայրաքաղաքում իրականացվող տարբեր ծրագրերի, հարկային քաղաքականության և այլնի մասին:
Շնորհավորելով լրագրողներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ Ա.Հարությունյանը մաղթել է, որ Արցախի հզորացման և ճանաչման ճանապարհին 2011 թվականը լինի բեկումնային տարի:

No comments: